ԼՈւՐԵՐ.com-ն այսօր անդրադարձ էր կատարել «Աշտարակ-կաթ» ընկերությանը, որը ֆինանսական լուրջ դժվարություններ ունի: 

ԱԺ-ում, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻքայել Մելքումյանը հայտարարեց, որ այսօր «Աշտարակ կաթ» ընկերությունը կանգնել է բավականին լուրջ խնդիրների առաջ:

«Ընկերության վրա կալանք է դրված, սակայն սա այն ընկերությունն է, որը շուկայում զբաղեցնում էր քառասունհինգ տոկոս մասնաբաժին, ով ունի մոտ վեց հարյուր աշխատատեղ և գյուղացիներից մթերում է կաթ: Սակայն այս ընկերությունը սրընթաց կորցնում է շուկաները, մինչդեռ կառավարությունը պետք է ցուցաբերի բիզնես մտածողություն, որպեսզի ելքեր գտնի ընկերությունը փրկելու համար: Սա սոցիալական նշանակության արտադրանք է, կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում իրավիճակից դուրս գալու համար»,- հայտարարեց պատգամավորը: Ի պատասխան՝ արձագանքեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ով նշեց, որ հանդիպումներ են ունեցել կողմերի հետ և իրավիճակին տիրապետում են:

«Մենք վերլուծություն ենք անցկացնում և առայժմ վերջնական գնահատական չենք տալիս, որովհետև այդ կազմակերպությունն այսօր գործում է: Եթե թվեր հնչեցնենք, դա կդիտրակվի այլ երևույթ, իսկ եթե ուզում եք առավել մանրամասն ծանոթանալ, մենք պատրաստ ենք Ձեզ ամբողջական տեղեկատվություն տրամադրել, բայց հնարավորությունների սահմաններում, և այն, ինչ որ գտնվում է կառավարության իրավասության ներքո, անպայման կիրականացվի»,- վստահեցրեց նորանշանակ նախարարը, որի պատասխանը, սակայն, չգոհացրեց պատգամավորին, ով արձագանքում նշեց, թե ինքը մանրամասներին շատ լավ ծանոթ է ու տիրապետում է:

«Խնդիրներ կան, որոնք՝ որ մի քանի օր ուշացնում ես, այլ բարդություններ են առաջանում: Կապիտուլիզացիան կորում է: Դուք պետք է քայլեր ձեռնարկեիք, որպեսզի փրկեիք իրավիճակը: Պետք է իրավական ու ոչ ստանդարտ լուծումներ գտնեք, ոչ թե հանդիպումներ կազմակերպեք: Դուք ուսումնասիրել եք, բայց ոչ մի բան չի փոխվել, մարդիկ կորցնում են աշխատանքը»- հեգնեց պատգամավորը, որին ի պատասխան՝ նախարարն արագանքեց, որ ենթադրությունները տեղին չեն:

«Ձեր ասածից հասկացա, որ դուք ամբողջական չեք տրապետում, իսկ ես կարող եմ հաճույքով ներկայացնել իրավիճակը»,- ասաց նա: