Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի երեք վարչապետները ցանկացել են, որ հասարակությունն իրենց վստահի։ Նրանց հավանաբար թվում է, թե իրենք օժտված են ինչ-որ առաքելությամբ, եւ մենք՝ մահկանացուներս, պարտավոր ենք «հալած յուղի» տեղ ընդունել իրենց ցանկացած խոսք, կամ՝ ծրագիր հիշեցնող գեղեցիկ բառերը։
Տիգրան Սարգսյանն, օրինակ, խոսում էր «հայկական աշխարհների ու հրաշքների» մասին, բայց հեռացավ՝ հասարակության համատարած թշվառության եւ չաշխատող թանկարժեք բիոզուգարանների ֆոնին։
Հովիկ Աբրահամյանը փորձում էր գործունյա մարդու իմիջ կերտել՝ գործնականում՝ միայն ավելացնելով Հայաստանի արտաքին պարտքը։
Հասցրել ենք բազմաթիվ գեղեցիկ խոսքեր եւ ինովացիոն գաղափարներ լսել Կարեն Կարապետյանից։
Սակայն ես վաղուց կառավարությունների ծրագրերը չեմ կարդում, որովհետեւ դրանք, որպես կանոն, միանման են, տաղտկալի եւ իրականությունից կտրված։
Իրականում, բոլորս ուզում ենք հավատալ, որ նոր եկող ինչ-որ կառավարություն քաղաքական նոր մշակույթի, արժեքների որոշակի համակարգի կրող է։
Սակայն նույնիսկ ավանսով վստահության համար՝ մարդիկ պետք է երաշխիքներ ունենան։ Օրինակ, ես Կարեն Կարապետյանի կառավարությանը կհավատայի, եթե նրա գործունեությունն իրապես թափանցիկ լիներ, այսինքն՝ համոզվեի, որ կաբինետը հաշվետու է խորհրդարանի եւ ԶԼՄ-ների առջեւ։
Սակայն Կարապետյանի կառավարությունը հանրային կարծիքի վրա «թքած ունի» ճիշտ այնպես՝ ինչպես նախկին երկու կառավարություններն՝ իրենց ղեկավարներով։
Երբ ֆինանսների, ծախսերի մասին լրագրողը հարցեր է տալիս, դրանից պետք չէ սրտնեղել։ Հակառակը՝ կառավարությունը պետք է մանրամասն հաշվետու լինի, որպեսզի հարկատուներն իրենց թալանված ու խաբված չզգան։ Երբ Կարեն Կարապետյանն Արցախ էր այցելել, առաջին տպավորությամբ՝ նա հիշեցնում էր ունեւոր ֆոտոմոդելի։ Բայց մտածում ես՝ մարդն ունեւոր է, սիրում է ճոխ հագնվել, կարեւորը՝ բովանդակությունն է։ Հետո հայտնաբերում ես, որ այդ այցից հիշվում են միայն Կարեն Կարապետյանի թանկարժեք ջինսն ու բոթասները, եւ Լուրեր.com-ի լրագրողի օրինակով՝ փորձում ես պարզել, թե վարչապետի արցախյան «սելֆին» ինչքան է «նստել» հարկատուների վրա։ Եւ ստանում ես անգրագետ եւ «ցրողական» պատասխաներ։ Մեղմ ասած, ցինիկ է հնչում հարցերից խուսափելն՝ այն պատճառաբանությամբ, թե ծախսերն արցախյան կողմն է հոգացել։ Ո՞ւմ եք փորձում հիմարացնել, ո՞վ չգիտի, որ Արցախի բյուջե հասկացողություն, ըստ էության, չկա, եւ ԼՂՀ-ն հիմնականում ապրում է Հայաստանի բյուջեից հատկացվող գումարներով։ Ասել կուզեմ, որ կառավարությունը պարտավոր էր մանրամասն ներկայացնել Կարեն Կարապետյանի արցախյան այցի «մենյուն» ու «հաշիվը»։ Եթե չի ներկայացնում, ապա զգուշանում է բացահայտել «թանկարժեք սելֆիի» գաղտնիքը։
Ես շարքային հարկատու եմ ու չեմ կարող վստահել մի կառավարության, որը հրաժարվում է պատասխանել, թե ինչպես են ծախսում հարկատուների փողերը։ Նույն պատճառով՝ չեմ վստահել Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի կառավարություններին։ Խոսքը մեր մեջ՝ այս երեք վարչապետներն իրար շատ նման են՝ իրենց մեծամտությամբ ու անպատասխանատվությամբ։
Սարգիս Հակոբյան