Նոյեմբերի 19-ին Լևոն Շիրինյանը հարցազրույց է տվել «Հայոց Աշխարհ» օրաթերթին և պատասխանել մի շար ներքաղաքական հարցերի: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
-«Քաղաքական կուսակցությունների մասին» գործող օրենքով քաղաքական ուժին գրանցվելու համար 200 անդամ ունենալն էլ բավարար է, մինչդեռ նոր օրենքի նախագծով համախոհ-հիմնադիրների թիվը հասցվել է 1000-ի: Ինչո՞վ է դա բացատրվում։
-Կարծում եմ, փորձ է արվում տնտեսական, քաղաքական օլիգարխիայի վրա հեշտացնել վերահսկողությունը, քանի որ նորերը քաղաքական օլիգոպոլիաներ են լինելու: Ամեն հայ ուզում է իր կուսակցությունը ստեղծել, նման իրավիճակում դժվար է տիրապետել քաղաքական դաշտին: Մեծ կուսակցություններն այլեւս հայտնի են, հետեւաբար խնդիր է առաջանում վերահսկելի դարձնել, ինչպես ֆրանսիացիներն են ասում' «շնիկ» կուսակցությունները:
Կուսակցական համակարգը պետք է խոշորացնել, որպեսզի քաղաքական դաշտում գործընթացները լինեն հնարավորինս տեսանելի, դրանով իսկ՝ նաեւ կառավարելի: Խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս, որ ամեն մի հայ իր կուսակցությունը ստեղծի, դրա համար փորձ է արվում նման կերպ խոշորացնել նաեւ քաղաքական դաշտը: Սա է, կարծում եմ, նոր օրենքում նման կետի ամրագրման նպատակը:
-Դեռ անցած տարվանից հաջորդաբար ստեղծված ու քաղաքական դաշտ իջածները «շնիկ» կուսակցություննե՞ր են:
-Բա ի՞նչ են: Տեսեք՝ դաշտում, որոնք են խոշորները՝ Հանրապետականն է, «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը: Ուրիշ խոշոր չկա: ՀԱԿ-ից, կարելի է ասել, բան չի մնացել: Իսկ մանրերին մնում է խմբավորվել մեկմեկու հետ, քանի որ առանձին-առանձին նրանք ոչինչ չեն կարող անել:
Նորաստեղծներից «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը համակրանք վայելող գործիչ է, այդ կուսակցությունում կան անձինք, որոնց ես ճանաչում եմ, նրանք մտավորականներ են, նաեւ քաղաքական առումով հասուն, կրթված անձինք են, ինձ համար վստահելի մարդիկ: Բայց թե որպես քաղաքական գործիչներ որքա՞ն է նրանց հեղինակությունն ու վստահությունը ժողովրդի շրջանում' դժվար է ասել: Լավ կլինի, որ այս կուսակցությունն իր որոշակի տեղն ունենա քաղաքական դաշտում:
Նաեւ լավ կլինի, որ իր տեղն ունենա «Ժառանգությունը»՝ թեկուզ իր մի քանի հոգով: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի «Համախմբումին», սա օլիգարխիկ կուսակցություն է, սրան համարում եմ ԲՀԿ-ի մի թեւը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հայտնի դեմքեր չկան, միայն մի դեմք է հանրությանը հայտնի՝ Նիկոլ Փաշինյանը: Նա խարիզմատիկ կերպար է, գուցե այս հանգամանքը գրավի հասարակության որոշակի շերտի, ասենք, կանանց, աղջիկներին՝ դառնալու նրա համակիրը:
Փորձում է ակտիվանալ նորաստեղծ «Միասնություն» շարժումը, որի համակարգող խորհրդի ղեկավարն է քաղաքագետ Խաչիկ Գալստյանը: Համախոհներին չեմ ճանաչում, բայց Գալստյանին ճանաչելով որպես մտավորական մարդ՝ կարող եմ մի բան հաստատ ասել. եթե շարժումն իր տեղը ճիշտ որոշի, ապա կարող է դառնալ մեր երկրի ներկայանալի ու արժեքավոր քաղաքական ուժը:
-«Օրինաց երկրին» կամ անվանափոխված «Հայկական վերածնունդին» մոռացաք:
-Բանն այն է, որ ՕԵԿ-ի հանդեպ ոչ մի վստահություն չկա ժողովրդի շրջանում, չնայած անվանափոխ եղավ ու կոչվեց «Հայկական վերածնունդ»: Իսկ նրան կցվածները տեսնելով, որ այդ ուժից հեռանկար չկա, բնականաբար պետք է հեռանան:
Բայց որոշ կուսակցություններում կան մարդիկ, որոնք այս տարիներին աճել են որպես պառլամենտականներ: ՕԵԿ-ից այդպիսին ես համարում եմ Մհեր Շահգելդյանին ու կափսոսամ, որ նա չլինի հաջորդ խորհրդարանում: ՀԱԿ-ից էլ այդպիսին Արամ Մանուկյանն է: Նրանք քաղաքական գործիչներ են, ու չնայած իրենց կուսակցությունները լավ վիճակում չեն, բայց լավ կլինի, որ գոնե իրենք լինեն խորհրդարանում:
Իսկ առհասարակ քաղաքական սերնդափոխության կողմնակից եմ, եւ այդ առումով ներկայիս խորհրդարանականների զգալի մասը չպետք է լինի ձեւավորվելիք խորհրդարանում:
Առաջիկա ամիսներին քաղաքական դաշտի պատկերն առավել կհստականա, այնպես որ մեր այս վերլուծությունը խիստ նախնական է, ձնագունդը կարող է մեծ արագություն հավաքել հունվարից հետո:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի նոյեմբերի 19-ի համարում