«Հայաստանը Թուրքիայի հետ որեւէ ձեւաչափով բանակցություններ չի վարում»,-հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը' NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով թուրքական «Hürriyet Daily News» պարբերականի հրապարակումը:
Համաձայն հրապարակման' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կոնկրետ զարգացումների դեպքում Թուրքիան Հայաստանին առաջրկում է մասնակցել իր տարածշաշրջանային տրանսպորտային նախագծին, որը միացնում է Եվրոպան Ասիայի հետ: Վկայակոչելով սեփական աղբյուրները' թուրքական պարբերականը գրում է, որ տրանսպորտային միջանցքի վերականգնման համալիր նախագիծը ներկայացվել է Մինսկի խմբին 2012թ. նոյեմբերին: «Այդ նախագիծը պետք է իրագործվի խաղաղ ժամանակ, մասնավորապես, այն բանից հետո, երբ Հայաստանը կտեղաշարժվի Լեռնային Ղարաբաղին սահմանակից գրավված յոթ շրջաններն ազատելու հարցում»,- ասել են թուրքական դիվանագիտական աղբյուրները:
Առաջարկվող նախագիծը երկու փուլից է բաղկացած: Մի կողմից այն կենտրոնացած է Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի հաստատման վրա' չօգտգարծվող երկաթգծերը վերագործարկելու եւ նորերը կառուցելու միջոցով: Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի նախագիծը կավարտվի ընթացիկ տարեվերջին, իսկ Թուրքիա-Հայաստան երկաթգիծը կարող է նորից գործել' աննշան վերականգնումից հետո:
Երկաթգծից բացի, ապագայում նախատեսվում է համատեղ ավտոճանպարհ կառուցել երկու երկրների միջեւ փոխադրումների իրականացման նպատակով:
Նախագիծը նաեւ անդրադառնում է Եվրոպայի եւ Ասիայի տարածաշրջանային երկրների միջեւ կապերի հաստատման անհրաժեշտությանը: «Լոնդոնի եւ Պեկինի միջեւ տրանսպորտային գիծը շուտով հնարավոր կլինի Մարմարայի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծերի ավարտից հետո, այն դեպքում, երբ տարածաշրջանում քաղաքական իրավիճակի նորմալացումը Հայաստանին թույլ կտա միանալ այդ աճող ռազմավարական պատկերին»,-պնդում են թուրական աղբյուրները: