ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը:

 

-Պարոն Խանումյան, ինչպես գիտեք, Ամերիկան արդեն սկսել է Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին փոխարինող փնտրել, ինչը, ինչ-որ իմաստով, անակնկալ որոշում կարելի է համարել: Ի՞նչ եք կարծում, կարելի է արդյոք հստակ մեսիջներ տեսնել Ուորլիքի փոփոխության մեջ կամ ինչի մասին կարող է այս ամենը վկայել: 


-Ջեյմս Ուորլիքն աշախատանքի է անցել մասնավոր ոլորտում և բնականաբար ԱՄՆ նրան փոխարինող դիվանագետ կնշնակի: Սրա մեջ որևէ առանձնահատուկ բան չեմ տեսնում:

 

- Ընդամենը մի քանի ամիս անց նորընտրիր նախագահ Թրամփը կանցնի իր պաշտոնեական լիազորություններին: Ի՞նչ եք կարծում, Ուորլիքի՝ ԱՄՆ կողմից իր համանախագահի փոփոխությունը կարող է կապ ունենալ Թրամփի կողմից սպասվող ավելի մեղմ արտաքին քաղաքականության հետ. Աղերսներ կա՞ն այս երկու իրադարձությունների միջև:


-Ինչպես նշեցի նախորդ պատասխանի մեջ, ամերիկացի համանախագահի փոփոխության մեջ առանձնահատուկ բան չեմ տեսնում, այն պայմանավորված է Ուորլիքի այլ պաշտոնի անցնելու հանգանամանքով:

 

- Հայտնի է,որ Օբամայի նախագահության օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները անկման փուլ թևակոխեցին ու հասան ճգնաժամային վիճակի: Որոշ հեղինակավոր միջազգային վերլուծաբաններ միաբերան պնդում են, որ Թրամփի նախագահության շրջանը կարող է աչքի ընկնել այդ հարաբերույունների միջև առկա լարվածության մեղմացմամբ: Ըստ Ձեզ՝ Թրամփի գալով երկու գերտերությունների երկխոսությունն ավելի կառուցողական բնույթ կստանա, թե սպասելիքները կարող են չարդարացվել, և եթե այո՝ ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում օգտվել միջազգային բարենպաստ իրավիճակից և ինչպես կարող է այդ ամենն նանդրադառնալ արցախյան հիմնահարցի վրա:


-Գերտերությունների միջև հարաբերությունների բարելավումը դրական կլինի Հայաստանի համար: Սովորաբար գերտերությունների վատ հարաբերությունների պայմաններում Երևանին ստիպում են ընտրություն կատարել: Հայաստանի կշռի և դերի նվազման պայմաններում այդ ճնշումներն ավելի ազդեցիկ են լինում: Այս առումով Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունների բարելավումը կարող է դրական լինել Հայաստանի համար: Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին տեղի է ունեցել ՀՀ դերի և կշռի կտրուկ անկում և այս պայմաններում առավել կարևոր են ներքին փոփոխությունները, քան արտաքին: Թույլ պետությունը միշտ էլ խոցելի է արտաքին քաղաքական ցանկացած փոփոխության ժամանակ:

 

-Եթե Ամերիկան առավել նվազ ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարի, քան՝ հիմա՝ Մեծ Մերձավոր Արևելքում գնալով իրավիճակի մեղմացման և փորձի ռուսների հետ ավելի շատ համաձայնության գալ քան մրցակցել, դա ինչպես կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա այդ՝ըստ էության տեկտոնական տեղաշարժը, կարող ենք ակնկալել,որ Ալիևի առջև կանաչ լույս վառողները,ելնելով փոխգործակցության կառուցողական սկզբունքից, հետ կկանգնեն Անդրկովկասը հրո ճարակ դարձնելու իրենց հավանական պլաններից:


-Ես կարծում եմ, որ գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր հարևանությամբ, կշարունակվեն, անկախ այս կամ այն գերտերության քաղաքականությունից: Ես փորձում եմ ենթադրել, որ նմանատիպ գործընթացներ կարող են սկսվել, ասենք, Կենտրոնական Ասիայում: Սա նույնպես մարտահրավեր է հայության համար՝ հաշվի առնելով այդ երկրների հայկական համայնքները: Արցախի համար հիմնական մարտահրավերը մնում է Ադրբեջանի սպառազինվելը՝ անկախ գերտերությունների քաղաքականությունից: Սրա դեմը կարելի է առնել միայն ռազմական հավասարակշռության միջոցով:

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի