Վերջին օրերին քննարկվող թեմաների շարքում առաջնային հարցերից մեկը բյուջեի քննարկումներն են և դրա շուրջ զարգացող կրքերը:
Հանրապետությունում պետբյուջեի եկամտային մասի ձևավորման ժամանակ պետք է հաշվի առնել այն, որ իրականացվող հարկային քաղաքականությունը դեռևս շատ հեռու է կատարյալ լինելուց: Տնտեսական նոր հարաբերություններին անցման փուլի համար հարկային բեռը բավականաչափ բարձր է, օրենսդրությունը խիստ բարդ է, հարկային ծառայությունների մասնագիտական և տեխնիկական հագեցվածությունը՝ զգալիորեն ցածր: Նման պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, երբ բարեխիղճ հարկատուները կրում են ողջ հարկային ճնշումը, այն դեպքում, երբ մի շարք խոշոր տնտեսավարող սուբյեկտներ խուսափում են հարկերի վճարումից, կամ՝ ընդհանրապես չեն վճարում: Այս ֆոնին ձևավորվում է ստվերային տնտեսություն կոչվածը, որն, ըստ որոշ մասնագետների՝ կազմում է ՀՀ տնտեսության 40 տոկոսից ավելին: Հիմա մի քանի դիտարկում՝ ստվերի հետ կապված:
Ստվերային տնտեսությունը եկամուտների միտումանվոր թաքցնումն է, հարկերից խուսափումը, թմրանյութի առք ու վաճառքը և այլն: Ստվերային գործունեությունից ստացված արդյունքները տասնյակ անգամ գերազանցում է օրինական գործունեության արդյունքները, սակայն դրա կոնկրետ մասշտաբներն անհնար է որոշել: Դրա համար էլ յուրաքանչյուր պետության առաջնային խնդիրն է հանդիսանում մանրամասն ուսումնասիրել ստվերային գործունեության էությունը, դրսևորման տեսակները, դրա ազդեցությունը՝ թե պետության ընդհանուր վիճակի, և թե՛ բնակչության կենսամակարդակի վրա, կարողանալ ինչ-որ չափով այս երևույթը կառավարել և կրճատել: Ստվերային գործունեության որոշակի տեսակներ նույնիսկ վտանգավոր են ինչպես պետության, այնպես էլ հասարակության համար:
Ստվերային տնտեսական գործունեությունը բարդ և բազմակողմանի երևույթ է, որն առկա է ցանկացած սոցիալ-քաղաքական պայմաններում: Այս առումով կարող ենք ասել, որ ստվերային գործունեությունը հանդիսանում է տնտեսական ոլորտում պետական վերահսկողության հետևանք:
Ըստ օրինականության աստիճանի՝ տարբերում են ստվերային տնտեսության հետևյալ տեսակները. ոչ պաշտոնական կամ օրինական-տնտեսական գործունեություն, որը չի խախտում ոչ մի օրենք, ինչպես նաև չի ոտնահարում տնտեսվարող սուբյեկտների իրավունքները, բայց միևնույն ժամանակ՝ չի ենթարկվում հաշվառման. սրա վառ օրինակ է հանդիսանում կենցաղային արտադրությունը:
Անօրինական տնտեսություն: Դա այն տնտեսական գործունեությունն է, որը խախտում է այլ տնտեսվարող սուբյեկտների իրավունքները, բայց չի կարգավորվում օրենսդրությամբ: Սրանք, այսպես կոչված, «վարդագույն» շուկաներն են: Օրինակ՝ բնապահապանական անվտանգության խախտումը:
Կիսաիրավական տնտեսություն կոչվածը տնտեսական գործունեությունն է, որն իր բնույթով չի հակասում օրենքին, բայց միևնույն ժամանակ իրականացվում է օրենքի սահմաններից դուրս: Սրանք այսպես կոչված «գորշ շուկաներն» են: Նախևառաջ՝ սրանք այն մեթոդների ամբողջությունն է, որի օգնությամբ խուսափում են օրենքներից, սրանց թվին են դասվում բորսաներում փոխանակումը, առանց արտոնագրերի գործունեությունը, առանց գրանցման աշխատանքը:
Ապօրինի, քրեական գործունեություն ասելով՝ հասկանում ենք տնտեսական գործունեություն, որն արգելված է օրենքով և իր բնույթով դիտվում է որպես օրենքի խախտում: Սրանք «սև շուկաներն» են: Օրինակ՝ թմրանյութի վաճառքը, անօրինական զենքի արտադրությունը և իրացումը, մարդկանց թրաֆիկինգը, ավազակությունը, ուժի կիրառումը և այլն:
Թե վերոնշյալ ստվերային տնտեսության ո՞ր ճյուղերն են տարածված Հայաստանում, դա արդեն առանձին քննարկման թեմա է, որին կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում:
Արտակ Աբովյան