Երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, թվում էր՝ Հայաստանի քաղաքական կյանքը կհաջողվի ձերբազատել «երեք նախագահների» համակարգից, որն, ըստ էության, կաշկանդում է քաղաքական բնականոն հարաբերությունների զարգացումը։ Սակայն կարճ ժամանակ էր պետք՝ հասկանալու համար, որ նոր վարչապետը՝ որպես կոմպրոմիսային ֆիգուր, նշանակվել է այդ համակարգի մոդիֆիկացված վարկածի տրամաբանությամբ։

 

Ավելի կոնկրետ՝ Կարապետյանի նշանակմանը նպաստել է այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններից հետո՝ հայաստանյան համակարգն անխուսափելիորեն տրանսֆորմացվելու է՝ անձնավորվածից դառնալով թիմային։ Դա, անշուշտ, ավելի բարդացնելու է համակարգի կառավարումը՝ քաղաքական, կազմակերպչական առումներով։ Փոփոխությունների փուլում՝ համակարգի կայունության խնդիրը հուզում է ոչ միայն ներսի առանցքային «խաղացողներին», այլ նաեւ Ռուսաստանին, որը խրոնիկ վախ ունի ցանկացած փոփոխության հանդեպ՝ դրա մեջ տեսնելով իր ազդեցության կորստի, առնվազն՝ սահմանափակման վտանգ։ Մոսկվայում հասկանում են, որ Հայաստանում այլեւս «ներդրում» պետք է անեն ոչ թե կոնկրետ անձի, այլ՝ իշխանության այնպիսի կոնֆիգուրացիայի վրա, որում կգործի զսպումների ու հակաշիռների մեխանիզմ, որը մի կողմից՝ փոփոխությունների հույս կառաջացնի Հայաստանի հասարակության շրջանում, մյուս կողմից՝ այդ փոփոխությունները կերաշխավորեն Մոսկվայի վերահսկողության պահպանումը։ Հեռու եմ այն պրիմիտիվ ու գավառական մտայնությունից, թե Հայաստանի իշխանության կամ համակարգի որեւէ առանցքային դեմքի կարելի է փակցնել «Մոսկվայի մարդ» պիտակը։ Ավելի շուտ՝ Կրեմլում վերլուծում են իրավիճակը, իրենց համար պարզում հայաստանյան այն գործիչներին ու կենտրոններին, որոնք կարող են պոտենցիալ «պարտնյոր» լինել։

 

Մոտավորապես նման իրավիճակում ծնվել է «Կարեն Կարապետյան» օպերացիան, որի նոմինալ «հերոսի» վարչապետությունը նպատակ ունի խորհրդարանական առաջիկա ընտրություններում բացառել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսների բախումը՝ հավանաբար այն պատճառով, որ բացառվի նախընտրական կամ հետընտրական հեղափոխական որեւէ սցենարի հնարավորություն՝ Հայաստանում։

 

Այս օպերացիան գուցե հայաստանյան ծագում ունի եւ հետեւանք է, ասենք, Սարգսյանի ու Քոչարյանի ուղղակի կամ միջնորդավորված շփումների, սակայն առնվազն արժանացել է Մոսկվայի աջակցությանը։ Ռուսները շահագրգռված են հայաստանյան առաջիկա գործընթացների կանխատեսելիությամբ ու, բնականաբար, նպաստում են բազմաշերտ համակարգի ստեղծմանն, ինչն, ըստ անհրաժեշտության, օպերատիվ միջամտության հնարավորություն է ստեղծում՝ նոր համակարգի այս կամ այն «խաղացողի» միջոցով։ Այլ խոսքով՝ Մոսկվան փորձելու է Սարգսյանի միջոցով վերահսկել Քոչարյանին, ու՝ հակառակը։

 

Կարեն Կարապետյանը, տարբեր պատճառներով, վստահելի մարդ է թե՛ Սարգսյանի, թե՛ Քոչարյանի համար, սակայն նա այս գործընթացի առանցքային դեմքը չէ, եթե անգամ վարչապետությունը շարունակի 2018թ-ից հետո։ Նա լինելու է ոչ թե ձեւավորվող համակարգի ղեկավարը, այլ հրապարակային դեմքը, այսպես կոչված՝ քաղաքակրթական բրենդը։ Նոր համակարգն, ըստ էության, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նոր համաձայնության ծնունդն է՝ Մոսկվայի «քավորությամբ»։ Ըստ նոր համակարգի տրամաբանության՝ Սերժ Սարգսյանը՝ որեւէ կարգավիճակով, պահպանում է փաստացի իշխանությունը, որը, սակայն, անձնակենտրոն չի լինելու եւ «հարստացվելու» է երկրորդ նախագահի թիմով։ Պատահական չէ, որ նոր կառավարության ձեւավորմանը զուգահեռ՝ Քոչարյանի մարդիկ վերադարձան նախագահի աշխատակազմ՝ համակարգելու համար գործընթացի քաղաքական եւ ինֆորմացիոն մենեջմենթը։

Ի դեպ, «երեք նախագահների» համակարգի երրորդ կողմը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն, առաջինը հասկացավ Սարգսյան-Քոչարյան նոր ալյանսի «շունչը» Կարապետյանի նշանակման «թիկունքում», եւ, թերեւս, դրանով էր պայմանավորված նրա հայտարարությունը դեֆոլտի մասին։ Երբ ՀԱԿ-ն անխնա քննադատում է Կարեն Կարապետյանի կառավարությանը, դրա ստվերում առաջին նախագահի կոշտ ընդդիմությունն է՝ Քոչարյան-Սարգսյան քաղաքական համաձայնությանը, որի հնարավոր հաջողությունն անխուսափելի լուսանցք է մղելու Տեր-Պետրոսյանին։ Իհարկե, վերջինս դեռ ունի քաղաքական ռեաբիլիտացիայի տեսական շանս, որովհետեւ քաղական նոր իրավիճակի «ճարտարապետները»՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, փոխադարձ անվստահության մեծ պաշար ունեն։ Նրանցից յուրաքանչյուրը ձգտելու է ուղղակի կամ միջնորդաված բացարձակ դոմինանտության՝ ստեղծվող համակարգում։ Թերեւս դրանով էլ պայմանավորված են ներիշխանական ինտրիգներն ու գզվռտոցը՝ ՀՀԿ համագումարի շեմին։

 

Սարգիս Հակոբյան