Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, թե փորձելու է ուժի ու բռնության կիրառմամբ իր կամքը պարտադրել մեզ: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում հիշեցրեց, որ ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Արցախի դեմ' պատերազմի հանցագործություններ կատարելով խաղաղ բնակչության ու ռազմագերիների հանդեպ: Նրա խոսքով՝ Ադբեջանի այդ ագեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին:

 

«Այժմ հիմնախնդրի կարգավորման ջանքերը բաժանվել են ապրիլից առաջ և հետո փուլերի: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը: Հայաստանն ու Արցախը պատերազմ սկսելու որևէ պատճառ չունեն: Սա է մեր և Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը: Համոզված եմ, Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն բարեխղճորեն, սակայն ոչ պակաս կարևոր է, որ կողմերը նաև հստակ ու իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռություը»,- հավելեց Սերժ Սարգսյանը:

 

Հանրապետության նախագահի խոսքով՝ ապրիլյան իրադարձությունները ապացուցին, որ Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Դա ակնհայտ է հենց իրենց հռետորաբանությունից:

 

«Փաստն այն է, որ մեր բանակը լուծեց իր առջև դրված ռազմական խնդիրը՝ լինելով պաշտպանվող կողմ: Ադրբեջանը, հանկարծակի նախահարձակ լինելով, իր ռազմաքաղաքական խնդիրները լուծել չկարողացավ: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են, կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որեւէ այլ հարց լուծում չի կարող գտնել»,- շեշտեց Սարգսյանը:

 

Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում բառային աճպարարություն անել. խոսել այն մասին, որ համանախագահող երկրներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ անկախությունը, մեկ էլ, նույնպիսի առոգանությամբ, պնդել, թե միջազգային հանրությունը լիովին կիսում է իրենց դիրքորոշումը:

 

«Համաձայնեք, սա շատ տարօրինակ հետեւողականություն է: Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշությունը: Մենք Բաքուն գրավելու եւ կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում, սակայն նաեւ շատ լավ գնահատում ենք, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ, ավելի մանրամասնելու կարիքը չկա: Մենք չենք մտնելու սպառազինությունների մրցավազքի մեջ, դրանում որեւէ իմաստ չենք տեսնում: Դրա փոխարեն մենք լավ պատկերացնում ենք մեր զինված ուժերի առջեւ դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար: Որեւէ զենք եւ սպառազինություն ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը. մարդը՝ զինվորը, տակավին մնում է զինված ուժերի առանցքային միավորը»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը: