Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը զարմանալի չի համարում վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքը՝ կուսակցություն:

 

«Կարեն Կարապետյանն իր մուտքով հաստատեց, որ ժամանակավոր վարչապետ չէ, հրավիրյալ չէ մեր քաղաքականության մեջ, նա կառավարությունում պարզապես գործադիր տնօրեն չէ: Նա ուզում է եւ պատրաստ է լինել քաղաքական կերպար, իսկ քաղաքականության առումով՝ իրենից լավ չեմ կարող ասել, թե ինչու մտավ կուսակցություն: Այստեղ որեւէ ինտրիգ չկա, կլիներ այն ժամանակ, եթե չմտներ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց նա:

 

Աշոտյանն ասաց, որ ուրախ կլինեն, եթե ընդդիմությունն էլ նույն կերպ վարվի, ինչ ՀՀԿ-ն, այն է՝ նշի, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում՝ ով կլինի վարչապետի թեկնածուն: «Մենք դա ազնվորեն ասացինք՝ եւս մեկ անգամ հաստատելով, որ մենք իրավիճակային լուծումներ չենք տալիս, այլ ռազմավարական: Քաղաքականությունը կանխատեսելի է որոշակի շրջանակներում, մի՛ ակնկալեք մեզնից, որ ավելի շատ «բացվենք», մենք էլ ընդդիմությունից ենք ակնկալում նման քայլեր»,-ասաց նա:

 

Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ նա նշեց, որ կարեւոր է հասկանալ այդ ընտրությունների վճռական իմաստը, քանի որ դրանք են ձեւավորելու երկրի զարգացման տեսլականը՝ մինչեւ 2022 թվականը: «Սրանք պարզապես ընթացիկ ընտրություններ չեն: Կարեւոր է 2017 թվականի խորհրդարանական քվեն, քանի որ դա է ձեւավորելու Հայաստանում իշխանությունը»,-ընդգծեց նա: