Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վաղ առավոտվանից արտակարգ ու լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» կրթահամալիրում, որտեղ սաները շարային երթ են արել՝ պահանջելով տնօրենի՝ Արա Մուրադյանի հրաժարականը: Սաները բողոքում են, քանի որ տնօրենն իրենց վատ է վերաբերվում, անհարկի վիրավորում է նրանց, անվանելով «հորթեր, դիշովկաներ» եւ այլն:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, «Փոքր Մհեր» կրթահամալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Մարտիրոսյանը հերքեց ասվածը՝ նշելով, որ տնօրենը ոչ մի վիրավորական արտահայտություն չի արել և տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Տեղի ունեցածն անակնկալ էր: Հիմա ամեն ինչ նորմալ է, երեխաները վերադարձել են դասերին: Փորձում ենք վերլուծել իրավիճակը, հասկանալ՝ ինչումն է խնդիրը, քանի որ մինչ այդ՝ նման խնդրի որևէ ակնարկ չի եղել»,- ասաց Մարիամ Մարտիրոսյանը:
Նշենք, որ Արա Մուրադյանն ընդամենը մեկ ամիս առաջ է նշանակվել պաշտոնում, դեռևս ժամանակավոր պաշտոնակատար է, բայց այս կարճ ժամանակահատվածում հասցրեց հայտնվել սկանդալի կիզակետում: