Ես խղճում եմ այն տղամարդկանց, ովքեր որևէ անելիք և ասելիք այլևս չունեն իրենց կյանքում և քաղաքականության մեջ, և իրենց մնացել է՝ անդրադառնալ կանանց հագ ու կապին, արտաքին տեսքին:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ կարկառուն կանանցից Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես եք վերաբերվում ՀՀԿ համագումարից հետո ՀՀԿ կանանց հասցեին հնչող քննադատություններին:
«Սրանից տարիներ առաջ տղամարդիկ, այնուամենայնիվ, մի քիչ ավելի մեծ էին. այսքան ճղճիմություն, այսքան մանրություն՝ ամոթ է: Այսքան ճղճիմ, այսքան փոքրոգի լինել չի կարելի»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը՝ գո՞հ եք ՀՀԿ կանանց ելույթների բովանդակությունից, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը հավելեց. «Գիտե՞ք ես չեմ բաժանում քաղաքական գործիչներին կամ կուսակցական կանանց: Այնտեղ ելույթ էին ունենում մեր կուսակցականները, ովքեր ունեն բոլոր իրավունքներն ասելու այն, ինչ մտածում են, այն, ինչի մասին անհանգստանում են: Այդպես վարվում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Եվ խոսում են մեր հանրության ցավալի պրոբլեմներից, ովքեր նաև ցանկանում են ինչ-որ փոփոխություն մտցնել: Այդտեղ դժգոհ լինելու խնդիր չկա: Կարելի ա ականջալուր լինել, կարելի ա նաև՝ չլինել: Այ էդպե՛ս մոտեցեք դրան»,- եզրափակեց Հերմինե Նաղդալյանը: