ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «հեռացավ» Հայաստանից, սակայն նրա անվան ու «Նաիրիտ» գործարանի շուրջ սկանդալային հայտարարությունները չեն դադարում: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն իր հայտարարություններում նշել էր, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին թալանել է գործարանը:

 

Ի դեպ՝ Աշոտ Գրիգորյանը պատրաստ էր ներդրում կատարել և վերագործարկել «Նաիրիտ»-ը, սակայն հայրենի Կառավարությունը, ի դեմս նորանշանակ վարչապետ ու նորաթուխ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի՝ հրաժարվեց այդ ներդրումից, քանի որ գործարանի վերագործարկումից հետո բազմաթիվ հանցագործություններ, յուրացումներ կբացահայտվեին, ինչը ձեռք չի տալիս շատերին: Այդ իսկ պատճառով՝ արագացված ռեժիմով սնանկ ճանաչվեց «Նաիրիտ»-ը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Աշոտ Գրիգորյանի կողմից  իր հասեցին հնչած նման հայտարարությունները որակելով որպես զրպարտություն, դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել, և վնասի փոխհատուցման համար պայմանական 2 մլն դրամ բռնագանձել: Հայցադիմումն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Սակայն հայցը ոչ միայն Աշոտ Գրիգորյանի դեմ է, այլև մի քանի լրատվամիջոցների՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի, «Ա1+» հեռուստաընկերության, «Մելտեքս» ՍՊԸ-ի, «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ի և «168 ժամ» ՍՊԸ-ի:


ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը նշեց՝ «մենք մեծագույն հաճույքով կդատվենք և մեր ծանր խաղաթղթերը կխփենք սեղանին»: 

 

«Տիգրանի առաջ դրել են մեր հայտարարությունը և ասել են՝ կամ մաքրվիր սրանից, կամ՝ մաքրիր այդ աշխատասենյակը՝ քո ներկայությունից: Երևի նման ինչ-որ մի բան է կատարվում, քանի որ անհնար է, որ նախկին վարչապետը, այսօր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, մատը մտցնի մեղվի բույնը և սկսի խառնել: Դա նրա համար բացառիկ վտանգավոր խաղ է և ճիշտ հակառակը՝ մեզ համար. մենք միայն կարող ենք երազել նման բան. մեծագույն հաճույքով կդատվենք և մեր ծանր խաղաթղթերը կխփենք սեղանին, որից հետո շատ հետաքրքիր կլինի Տիգրանի արձագանքը: Հիմա իմ վերջին խաղաթղթերը չեմ բացի: Այն, որ օֆշորային թալան էր կատարվել, այն, որ մինչ այսօր բացահատված չեն օֆշորային ընկերությունների սեփականտերերի անունները: Սա հանցագրծություն է՝ կատարված Տիգրան Սարգսյանի կողմից: Նա մինչ այսօր չի բացել փակագծերը և չի ասել, թե ովքեր են այդ պարոնները, որոնց խաթր գործարանը տալիս էր 40 միլիոնով, այնուհետև գումարները անհայտանում էին, վարկեր էին վերցնում, որոնք ևս անհայտանում էին, և այլն»,- մանրամասնեց Աշոտ Գրիգորյանը: 

 

Նրա խոսքով՝ պետք է պահանջել Տիգրան Սարգսյանից՝ բացատրություն տալ, չէ՞ որ ինքը եղել է վարչապետ և «այդ խարդախությունների մեջ մեղադրվում է ինքը»: «Ամբողջ հայ ազգը այդ խարդախությունների մեջ մեղադրում է նրան: Ես չեմ մեղադրողը: Զարմանալիորեն՝ օֆշորային ընկերություններ՝ կապված «Նաիրիտ»-ի հետ, օֆշորային ընկերություններ՝ կապված Փայլակ Հայրապետյանի գործի հետ, այսինքն՝ եթե Միհրան Պողոսյանը օֆշորային գեներալ է հայտարարված, ապա՝ Տիգրան Սարգսյանը պետք է հայտարարվի օֆշորային մարշալ կամ գեներալիսիմուս,որովհետև նրա կողմից այդպես էլ չհերքվեց այն փաստը, որ ինքը Փայլակ Հայրապետյանի թալանի գործով օֆշորի մասնակից է եղել: Նրա հերքումները մանկական թոթովանքներ էին, ոչ թե հերքումներ: Պնդում եմ՝ թող Կիպրոսի հետ լավ աշխատեն, ու կպարզեն, որ բացառվում է Տիգրան Սարգսյանի ասածը, որ իր անունով օֆշորում հաշիվ են բացել, իսկ ինքը տեղյակ չի եղել: Այս ամենն իրար կողք դնելով, հասկանում ենք, թե ինչու հանկարծ Սամվել Կարապետյանին խնդրեցին սնանկության գործընթաց սկսել՝ փոքր պարտքի համար: Ինչու փոքր պարտքի համար սնանկության գործընթաց սկսեցին Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության միջոցով, այն դեպքում, երբ Երևանի ՋԷԿ-ին ավելի մեծ գումար էր պարտք գործարանը»,- իր խոսքը եզրափակեց Աշոտ Գրիգորյանը: 

 

Վերադառնալով դատական հայցին, հայցվորի ներկայացուցիչը՝ «Կոնցեռն-Դիալոգ» իրավաբանական ընկերության իրավաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը, մեզ հետ զրույցում հայցի ներկայացման և գործի ընթացքի մասին մանրամասներ չհաղորդեց: 

 

Իսկ ահա դատավոր Հայարփի Զարգարյանը որոշում է կայացրել հայցադիմումը հետ ուղարկել հայցվոր Տիգրան Սարգսյանին՝ հետևյալ պատճառաբանություններով.


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին»:


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «Հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան»: 


Նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 82 և 83 հոդվածներով սահմանված ընդդատությունը կարող է փոխվել կողմերի գրավոր համաձայնությամբ՝ մինչև դատարանի կողմից վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը»:


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության դատարաններն օտարերկրյա անձանց (տվյալ դեպքում՝ Աշոտ Գրիգորյանը-խմբ.) մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանողն ունի բնակության վայր կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում»: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված են նաև այն դեպքերը, երբ բացի վերը նշվածից, ՀՀ իրավասու դատարանը կարող է քննել օտարերկրյա անձի մասնակցությամբ վեճ:


Տվյալ դեպքում՝ հայցվորի կողմից Դատարան ներկայացված հայցադիմումում որպես պատասխանող նշված է Աշոտ Գրիգորյանը, որի գտնվելու վայրի հասցե նշված է «Սլովակիա Բրատիսլավա Ստարա Վաժնորսկա 21831 4», մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս գտնվելու վայր ունենալու կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կետերից որևէ մեկի առկայության վերաբերյալ հայցադիմումում չի ներկայացվել որևէ հիմնավորում, և չի ներկայացվել համապատասխան փաստը հավաստող ապացույց:


Քրիստինա Աղալարյան