Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հարցում է ուղարկել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին' պահանջելով պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել «գյավուր» արտահայտությամբ: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը:

«Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի «գյավուր» արտահայտության վերաբերյալ նրան հարցում ենք ուղարկել և հետևյալ հարցադրումներն արել.

1. Չեք մտածում, որ նվաստացրել եք քրիստոնեական համայնքին, որի անդամներից մեկն էլ ես եմ, և Թուրքիայի ոչ մուսուլման ժողովուրդներին «գյավուր» բառը կիրառելով, որը Թուրքական լեզվագիտական ընկերության համաձայն նշանակում է «անկրոն» կամ «մուսուլման չհանդիսացող որևէ մեկը», լեզվաբան Սևան Նիշանյանի բառարանի համաձայն' «կրակապաշտ» կամ «մուսուլման չհամարվող» իմաստն ունի, շատ ասացվածքներում և արտահայտություններում օգտագործվում է նվաստացնող իմաստով, իսկ ժողովրդի շրջանում կիրառվում է բացասական իմաստով:

2. Ի՞նչ եք կարծում, ձեր խոսքերը չեն համարվո՞ւմ ատելության խոսք' այն պարագայում, երբ ընդունված է որպես այդպիսին ընդունել «որևէ խմբին կամ անձին ռասսայական, սեռական, տարիքային, ազգային, կրոնական պատկանելության կամ սեռական հակվածության պատճառով ստորացնելը կամ սպառնալից լեզվով խոսալը»:

3. Աչքի առաջ ունենալով այն, որ նմանօրինակ արտահայտությունները վերածվում են ատելության հանցագործությունների' ինչ կարծիքի եք, կարո՞ղ է ձեր ելույթը պատճառ դառնալ ատելության հողի վրա գործված հանցագործությունների»:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Քասթամոնու քաղաքում դեկտեմբերի 4-ին ելույթի ժամանակ հայտարարություն էր արել, որը տարբեր քննարկումների պատճառ էր դարձել: Փոխվարչապետը մասնավորապես ասել էր. «Մեզ համար անկախությունը գյավուրին «գյավուր» ասելով նրա դիմաց կանգնել կարողանալն է»: