Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը, որին կասկածում են «Զենիթ-Արենա» մարզադաշտի հետ կապված 50 մլն ռուբլու խարդախության մեջ, «Կրեստի» հետաքննչական մեկուսարանից տեղափոխվել Է բանտային հիվանդանոց: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունում: «Տեղավորվել է հիվանդանոցում»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ չճշտելով ախտորոշումը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը դեկտեմբերի 7-ին քննելու է Հովհաննիսյանի ձերբակալման դեմ ներկայացված գանգատը:

 

Նոյեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգի Սմոլնու շրջանային դատարանը բավարարել է նախկին փոխնահանգապետի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով՝ մինչեւ 2017 թվականի հունվարի 15-ը, կալանքն ընտրելը: Հովհաննիսյանը ձերբակալվել է նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Նոյեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետին մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցագործություն («Խարդախություն») կատարելու մեջ: Հետաքննչական կոմիտեում հայտնել են, որ արդեն որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ Հովհաննիսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց: