Ժամանակին խոսվում էր այն մասին, որ ԵԱՏՄ անդամակցության ներսում Հայաստանին պետք է տրվեր հատուկ կարգավիճակ, բայց մենք ոչ մի հատուկ կարգավիճակով էլ չանդամակցեցինք. պարզապես ընտրեցինք տարբեր արագությունների ինտեգրացիան: Այսօր որոշ կանոնակարգեր մեզ վրա չեն ազդում, բայց հետագայում մենք ամբողջ փաթեթով լիիրավ անդամակցելու ենք՝ առանց տարբերակված ինտեգրման մոդելը կիրառելու: Այս մասին այսօր «Միասնություն» համազգային շարժման կազմակերպած «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով կլոր սեղան - քննարկմանն ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

 

Թե որքանով այս գործընթացն արդյունավետ կլինի, քաղաքագետը դժվարանում է ասել, որովհետև, ըստ նրա, այս պահին մեր արտաքին քաղաքականության վրա բազմաթիվ գործոններ են ազդում, և, լինելով թույլ պետություն, առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնենք մեր արտաքին աշխարհաքաղաքական միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին:

 

«Որքան որ խորանա բլոկի ներսում ինտեգրացիան, և մենք էլ լինենք լիիրավ անդամ, այնքան, բնական է, պետք է սահմանափակվի մեր արտաքին մյուս ուղղություններում տնտեսական գործունեության կարողությունները: Բայց դա չի նշանակում, որ որևէ ուղղություն պետք է մոռանանք, հարցն այն է, թե մյուս ուժային կենտրոնների հետ որ ոլորտներում կնախընտրենք համագործակցել»,- ասաց քաղաքագետը: 

 

Քաղաքագետի կարծիքով՝ թեև ԵՄ-ն այսօր ինքն էլ լավ վիճակում չէ, լավ օրեր չի ապրում, այդուհանդերձ, ԵԱՏՄ ներսում մեր Ռուսաստանից գերակշիռ կախվածությունը երկրորդային հետևանք է ունենում մեզ վրա:

 

Ինչպիսին էլ լինի այսօր ԵԱՏՄ ներսում իրավիճակը, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաներն են առաջին հերթին մեզ վրա ազդում. «ԵԱՏՄ անդամակցությունն այնքան վնաս չի տալիս մեզ, որքան Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները: Այսօր շատ կարևոր է բլոկի ներսում պետությունների միջև հարաբերությունների դիֆերսիֆիկացվածությունը, Ռուսաստանը միակ կենտրոնն է, որը կապում է ԵԱՏՄ անդամ պետությունները, իրար հետ իրենց փոխհարաբերությունները զարգացած չեն, այս ասիմետրիկ կախվածությունը լուրջ խնդիր է: Մյուս խնդիրն այն է, թե մենք որքան լուրջ ուժ ենք ներկայացնում»,- ասաց Նարեկ Գալստյանը: