Կարևորելով «Միասնություն» համազգային շարժման կողմից այսօր կազմակերպված՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով քննարկումը, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն ընդգծեց քննարկման օգտակարությունն, այն առումով, որ աշխարհաքաղաքական տարատեսակ կողմնորոշումների, դրանց միջև պայքարի այս փուլում անհրաժեշտություն են խնդիրների վերլուծությունները և տեսակետների փոխանակումը:
«Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի համար կործանարար է տարբեր օրիենտացիաների միջև բախումները, որովհետև դրանք լինելու են շատ ավելի ծանր, քան եղել են Ուկրաինայի պարագայում:
Ճշմարտությունն այն է, որ 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին ասում էին, որ ԵՏՄ-ն կփլուզվի, հայ-ռուսական էքսպորտի, իմպորտի գործառույթները պակասել են ոչ ավել, ոչ պակաս՝ 100 անգամ, բայց 2015 թվականի ապրիլից սկսած՝ կամաց-կամաց սկսեցին արձանագրել վերընթաց շարժում և այս տարվա հուլիսի տվյալներով՝ հայ ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները գրանցեցին պատմական իրենց իրողության մեջ մաքսիմումը»,- ասաց նա:
Արամ Սաֆարյանի կարծիքով՝ եթե մենք մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքում ունենք մեկ-երկու դրական միտում, ապա դրանք կապված են Ռուսաստանի հետ մեր հարաբերություններից:
«Ընձեռված հնարավորությունը մեզ պետք է ուղղեր մտածելու՝ ինչպես մեր մասնակցությունը դարձնել ավելի կառուցողական, մեր նպատակները դարձնել ավելի իրականանալի, մեր ջանքերն՝ ավելի նպատակային, և օգուտ ստանալ եվրասիական ինտեգրումից»,- ասաց Սաֆարյանը: