ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր Հայաստանում ներքաղաքական իրավիճակը. ընտրությունների նախաշեմին ստեղծվում են դաշինքներ, կուսակցություններ:
-Հայաստանում 2017 թվականի ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտի վերադասավորումներ են տեղի ունենում: Այնքան կարևոր չէ այն քաղաքական ուժերի դերակատարությունը, որոնց նպատակը ոչ թե ուղղակի 5 տոկոս ունենալն ու խորհրդարանում հայտնվելն է, որքան այն ուժերը կամ ապագայում ստեղծվելիք այն դաշինքները, որոնք լուրջ դերակատարություն կարող են ունենալ: Այսօր իշխանությունների համար ձեռնտու է, որ 5 տոկոսանոց կուսակցություններ կամ թեկուզ դաշինքներ հայտնվեն պառլամենտում, որոնք կլինեն կառավարելի: Շատ կարևոր է, որ քաղաքական դաշտում դերակատարություն ունենան դաշինքները, որոնց հիմնական նպատակն է՝ իրոք լինել այլընտրանք այս իշխանություններին և ստիպել իշխանություններին՝ ընտրությունների միջոցով գնալ իշխանափոխության: Հայաստանում, ցավոք սրտի, իշխանությունները շատ դժվար են պատկերացնում, որ իրենք կարող են հեռանալ ընտրությունների միջոցով: Այստեղ շատ կարևոր դերակատարություն կարող է ունենալ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ, որովհետև ինքը եզակի քաղաքական գործիչ է, որին հաջողվել էր իրար հետ լուրջ հակասություններ ունեցող քաղաքական ուժերին միավորել և նստել մի սեղանի շուրջ: Այսօր, կարելի է ասել, Ծառուկյանի վերադարձը կարող է խառնել քաղաքական դաշտը: Պատահական չէ, որ որոշ հաճախորդներ, որոնք հիստերիայի մեջ են և հասկանում են, որ եթե իրենք ծառայություն էին մատուցում իշխանությունների համար, այսօր լուրջ խնդիր ունեն: Ծառուկյանի վերադարձը և մերանի դեր կատարելը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել իշխանության և կեղծ ընդդիմադիրների համար:
-Ովքեր են այդ կեղծ ընդդիմադիրները:
-Ինձ համար և՛ սպասելի էր, և՛ զավեշտալի Արամ Զ. Սարգսյանի մեջտեղ ընկնելը: Մարդ, ով չխորշեց եղբոր սպանությունից հետո զբաղեցնել նրա տեղը՝ քաղաքականությունից հեռու լինելով: Եթե հիշում ենք իր ելույթները, պահվածքը, ուղղակի զավեշտալի է: Եվ այսօր իր հոխորտալը, իրեն քաղաքական գործիչ համարելը՝ այն դեպքում, երբ քաղաքականության մեջ իր հայտնվելն ընդամենը հոկտեմբերի 27-ի հետևանք է: Մարդ, ում տրվեց հնարավորություն՝ վարչապետ աշխատելու և ձախողվեց: Զավեշտի էր հասնում, երբ թղթակիցներից մեկը պատմեց, թե ինչպես Պուտինի հետ հանդիպման ժամանակ խայտառակ եղավ, ապա ստիպված եղան թղթակիցներին դուրս հանել, որպեսզի Արամ Սարգսյանի ֆիասկոն չտեսնեն: Այդ հաճախորդներին պետք է բացատրել, որ պետք է զբաղվեն իրենց գործով: Եթե իրենց նպատակն իշխանափոխությունն է, ապա պետք չէ այսօր գնահատականներ տալ, մասնավորապես՝ Ծառուկյանին, որն իրոք մեծ դերակատարություն կարող է ունենալ քաղաքական դաշտում:
Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, ապա Արամ Զ. Սարգսյանը, Մանվել Գրիգորյանի բնորոշմամբ, մնալու էր «երկրապահի հոպլան»: