Երեւանի պետական համալսարանում դասապրոցեսն անխափան շարունակվում են եւ ընթանում ինչպես միշտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը' անդրադառնալով ԵՊՀ-ի մոտ այսօր առավոտյան անցկացվեց բողոքի ակցիային եւ դասադուլի կոչերին:
Նա նշեց, որ ակցիայի մասնակիցների մի մասը ուսանողներ չեն, «տարիքով մեծ մարդիկ են», որոնց շարքերում կան համալսարանի շրջանավարտներ: Ռեկտորի խոսքով' ԵՊՀ-ից բողոքի ակցիային միացել են շատ քիչ ուսանողներ, հիմնականում' ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության եւ պատմության ֆակուլտետներից: «Հիմնական մասսան մեզ հետ որեւէ կապ չուներ»,- նշեց նա:
Արամ Սիմոնյանը նման բողոքի ակցիաների անցկացումն անթույլատրելի եւ վատ է գնահատում: Նրա խոսքով' «ուսանողի գործը տվյալ դեպքում օրենքի տառին եւ իր դասերին հետեւելն է»: «Ոչ ոք իրենց թույլ չի տա նման կոչերով հանդես գալ, իրենք որեւէ օրինական հիմք դրա համար չունեն, նամանավանդ, որ մեծ մասն ուսանողներ չեն»,- նշեց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորի խոսքով' համալսարանի մոտ ոստիկանները կարգն էին պահպանում: «Իսկ ի՞նչ եք կարծում, դասերի ժամին դասադուլի կոչերով միտինգ անելը որքանո՞վ է հարմար եւ որքանո՞վ չի խափանում մեր բնականոն ընթացքը»,- ասաց ռեկտորը' շեշտելով, որ իրենց ուսանողությունը դաս է արել եւ դուրս չի եկել:
Նշենք, որ Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ այսօր' փետրվարի 25-ին, ժամը 11.30-ին, մեկնարկել է բողոքի ակցիա: Մի խումբ երիտասարդներ պաստառներով հավաքվել են եւ ուսանողությանը կոչ են անում դասադուլ անել, միանալ պայքարին: Պաստառները հետեւյալ գրություններով են' «Բարեւ, ոտքի բոլորը, բարեւ դասադուլ, բարեւ արդարություն, ոչ ասացեք կոռուպցիային, մեր ձայները չեն վաճառվում» եւ այլն: Երիտասարդները շեշտել են, որ իրենց բողոքի ակցիայով չեն խանգարում դասապրոցեսին, քանի որ այն անցկացնում են դասամիջոցին: Տարածքում մեծաթիվ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ կան: ԵՊՀ-ի մոտից նրանք շարժվել են Հայաստանի պետական տնտեսագիտական, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանների մոտ: