«Մենք ոչ ունեցել ենք մասնակցության նման երևույթ, և ոչ էլ համագործակցության նման արդյունք, և մենք իսկապես լիահույս ենք, որ այս համագործակցության արդյունքը շարունակական է լինելու ոչ միայն փաստաթղթի ընդունման մեխանիզմի ձևավորման ժամանակահատվածում, այլև ողջ ընտրությունների ժամանակահատվածում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԸՕ շուրջ կոնսենսուսին՝ ասաց պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով այդ գործընթացն աննախադեպ է համարում:

 

Փոխխոսնակի խոսքով՝ քաղհասարակության՝ քննարկումներին չմասնակցելը փաստում է այն մասին, որ մեր երկրում քաղաքացիական հասարակությունը չի սահմանափակվում այն ներկայացուցիչներով, այն ինստիտուտներով, այն կազմակերպիչներով, որոնք ուղղակիորեն մասնակցել են այդ գործընթացին: «Ես կոչ կանեի բոլորին՝ կանգ առնել և անդրադարձ անել, գտնել համագործակցության այն եզրերը, այն հնարավորությունները, որոնք մեզ բերելու են ավելի լավ արդյունքների»,- ասաց նա:

 

Հարցին՝ հնարավո՞ր է՝ դուք քաղաքացիական հասարակության նոր ներկայացուցիչներ ներգրավեք, Նաղդալյանն ավելացրեց՝ « Ո՛չ: Ես չեմ կարծում, որ պետք է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին բաժանել նորերի, հների, որոնք մասնակցել են, որոնք չեն մասնակցել: Այս գործընթացում շահագրգիռ ենք բոլորս, ամբողջ հասարակությունը. և՛ քաղաքական ուժերը, և՛ քաղաքացիական հասարակությունը: Բոլորս իրար հետ պիտի փորձենք քայլ անել դեպի առաջ. բավական մեծ ճանապարհ ենք անցել, մենք միասին բավական շատ քայլեր ենք արել և արժի, որ մենք ևս մեկ անգամ մեր կամքը ներդնենք՝ ավելի առաջ գնալու համար»:

 

Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել 4+4+4 ձևաչափի քննարկումներին: