Այն, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները «վերբովկա» են անում Հայաստանի իշխանություններից դժգոհ մարդկանց, միֆ է, կարծում է ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը: «Ես Հայաստանում հալածվում եմ, բայց ոչ մեկն ինձ մինչ օրս հավաքագրման փորձ չի արել: Հավաքագրումը հեքիաթների ոլորտից է: Ուղղակի թուլակամ մարդիկ են և ներքին կյանքի ոխը հանում են դրանից: Թե չէ՝ հավաքագրեցին, տարան... նման բաների մի՛ հավատացեք, հիմարություն է: Խնդիրը նաև այն է, որ մենք շուրջ 20 տարի է՝ լրջագույնս զբաղված չենք ազգաբնակչության հայրենասիրական դաստիարակությամբ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը:
ԱԱԾ նախկին պաշտոնյան նման դեպքերում Հայաստանի հատուկ ծառայություններին չի մեղադրում: «Ես այստեղ ԱԱԾ-ին չեմ մեղադրում: Նրանք, իհարկե, ունեն որոշակի շեղումներ, բայց այս հարցում չեմ մեղադրում: Ես գտնում եմ, որ նույնիսկ ամենավատ պայմաններում՝ ոչ ոք իրավունք չունի հանձնվել թշնամի երկիր, որն ամեն օր մեր երեխաների ուղղությամբ կրակ է բացում: Ես հասկանում եմ, որ մենք լավ վիճակի մեջ չենք, նորմալ իշխանություն չունենք, դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ պետք է գնալ ու թշնամու մոտ պատսպարվել: Դա հայրենիքի դավաճանություն է»,- նշեց Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ այս ամենը գալիս է երկրում տիրող վատ իրավիճակից, դժվարությունից, իսկ այդ իրավիճակն առաջացել է «մարդկանց գայլային ախորժակից և անկիրթ լինելուց». «Նման թալան չի կարելի անել: Նրանք էլ թուլակամ են, որոշում են իրենց ոխը հանել»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանի որևէ քաղաքացի ցանկանա գնալ, հանձնվել Ադրբեջան ու ՀՀ հատուկ ծառայությունները չիմանան այդ մասին, Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Այստեղ ԱԱԾ-ն ընդհանրապես կապ չունի: Դուք մի՛ հավատացեք այն լուրերին, որ հատուկ ծառայությունները հավաքագրում են, տանում են: Նման բան գոյություն չունի: Իրոք՝ մթնոլորտը գաղջ է Հանրապետությունում, մարդիկ թողնում են այն, թուլամորթ սրիկաները գնում են թշնամու մոտ ավել-պակաս խոսելու: Ուրիշ բան՝ ման մի՛ եկեք: Ընդամենը սա է: ԱԱԾ-ին, եկեք, հազար տեղ մեղադրենք, բայց այստեղ հանգիստ թողնենք, որովհետև ամեն ինչ այդպես չէ»:
Դիտարկմանը՝ այդ դեպքում՝ ինչո՞ւ Ադրբեջանից Հայաստան չեն գալիս, Եղիազարյանն ասաց. «Կարելի՞ է՝ հարցին հարցով պատասխանեմ: Մի հատ խայտառակ, աննամուս, տմարդի վիճակագրություն կա: Նախանցած տարի Էրդողանը 6000 անբարոյական հայերի հեռացրեց Թուրքիայից: 6000 մարմնավաճառի: Լավ ե՞ք պատկերացնում: Աշխարհով մեկ հայտարարեց դա: Վեց հազարին բռնել էին, ինչքան էլ դեռ չեն բռնել: Մենք մինչև օրս մեկ թուրք մարմնավաճառի հայտնաբերե՞լ ենք Հայաստանում: Իհա՛րկե ոչ: Ահա Ձեր հարցի պատասխանը: Էրդողանը միանշանակ ճիշտ էր: Մերոնք ոչ գվվացին, ոչ մվվացին: Ինչու՞: Որովհետև զբաղված էին թալանով: Ժամանակ չունեին նման հարցերի մեջ խորանալու»:
Իսկ հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը կարծում է, որ վերջին շրջանում ռուսալեզու ադրբեջանական լրատվամիջոցները Հայաստանի ընդդիմադիր-երիտասարդ-արևմտամետ ակտիվիստներին և զինվորականությանը վարկաբեկելուն ուղղված քարոզչական գրոհ են սկսել: «Հերքումներն, այդ համատեքստում, հակազդելու բավարար միջոց լինել չեն կարող, քանի որ այդօրինակ լրատվական ապատեղեկատվության տարածմանը թե՛ մեր, թե՛ ադրբեջանական ողջ լրատվական դաշտն է մասնակցում՝ սոցցանցերը ներառյալ, իսկ հերքումներն անհամեմատ քիչ թվով ԶԼՄ-ների կողմից են հրապարակվում: Կարծում եմ, որ եթե նման նպատակ դրվի, ապա պատկան մարմինների համար դժվար չի լինի պարզել, թե արդյո՞ք ադրբեջանցիներից բացի նման ապատեղեկատվության այլ պատվիրատուներ ևս կան»,- գտնում է Մելիքյանը:
Քրիստինա Աղալարյան