ԱԺ-ում նախագծերի քվերակության ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ այսօր ԱԺ-ում ներկա չեն պատգամավորներ, սակայն նրանց սեղմելու կոճակը կանաչ է ցույց տալիս, իսկ դա նշանակում է, որ նրանց փոխարեն քվեարկում է ուրիշը:

 

Նա խնդրեց արձանագրել, թե ովքեր են այդ պատգամավորները, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե սովորաբար պատկերը քվեարկությունից հետո է ակնհայտ դառնում, ոչ թե քվեարկությունից առաջ, հետևաբար, ոչինչ անել չի կարող:

 

Թևան Պողոսյանն, այնուամենայնիվ, շարունակեց, որ պատգամավորները թեև դահլիճում չեն գտնվում, բայց ցույց է տալիս, թե նրանք նիստերի դահլիճում են:

 

Ի դեպ՝ նշենք, որ այդ ընթացքում գրանցվել էր 100 պատգամավոր:

 

Թևան Պողոսյանի այս հայտարարությունն Աժ-ում մի փոքր աժիոտաժ բարձրացրեց: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ դա ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտում է և խնդրեց համապատասխան քայլեր ձեռնարկել:

Այդ ընթացքում միաձայն հաստատվեցին Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքի և առողջության փոխհատուցման մասին նախագծերը և կից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթները: Վարման կարգով ելույթ ունեցավ նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ով հայտարարեց, որ վերջին օրերին ահազանգեր են եղել, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները քաղաքացիական և քաղաքական անձանց անհիմն հրավիրում են հարցաքննության. «Ըստ էության, սա արվում է ընդդիմադիրների քաղաքական և հասարակական գործունեության համար»,- հայտարարեց պատգամավորը՝ այդ գործողությունները որակելով բացահայտ ապօրինություն և ԱԱԾ-ին հորդորեց դադարեցնել այդ հետապնդումները:

 

ԱԺ նախագահն արձագանքեց և հորդորեց խոսել վարման կարգի վերաբերյալ. «Բայց էդ ինչ վարման կարգի վերաբերյալ էր, որ…. վերջում ձայն կտայինք, կասեիք, էլի»,- ասաց նա և հորդորեց անցնել օրակարգային քննարկվող հարցերին:

 

Պատգամավոր Թևան Պողոսյանը նորից խնդրեց պատկերը ցույց տալ, թե ովքեր են մասնակցում քվեարկությանը, սակայն ԱԺ նախագահը նորից նույն անտարբերությունը դրսևորեց, ինչը բարկացրեց Թևան Պողոսյանին: Այդ ընթացքում նրա հասցեին ռեպլիկ հնչեց. «գործ տվող է»: «Արխային ուրախ եմ. Եթե հանուն իմ ազգի բարօրության ու օրենքի՝ կարելի է գործ տվող համարվել, թող ես գործ տվող լինեմ»,- արձագանքեց պատգամավորը:

 

Նիստը վարող Գալուստ Սահակյանն հայտարարեց, թե Թևան Պոոսյանի խաթեր համար, այդ մի կողմը չեն հաշվում: Այս հայտարարությունը հունից հանեց պատգամավորներին.

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նիստն այսպես չեն վարում, սակայն այդ նկատողությունը ևս չսաստեց նիստը վարողին: «Հենց այդ սահմանմամբ էլ քվերակությունը հանեցինք»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը և հաջորդաբար քվեարկության ներկայացրեց նաև այլ նախագածեր:

 

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարման կարգով ելույթ ունեցավ և հիշեցրեց, որ ժամանակին «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացրել էր նախագիծ, որով պետք է ճանաչվեին կարգազանց պատգամավերները, ովքեր քվեարկում են ուրիշի փոխարեն: Նա խնդրեց արձանագրել, թե ով է քվեարկում ուրիշի փոխարեն և նրան պատժել. «Կա հիմնավորում, որ այս պահին պատգամավորներից մեկը քվեարկել է մեկ ուրիշի փոխարեն և խնդրում ենք ցույց տալ, թե ով է նա, որպեսզի մենք իսկապես այս գումարման ժամանակ ունենանք գոնե մեկ կարգազանց պատգամավոր, որպեսզի ապագայում բացառենք նման արարքները»,- հայտարարեց նա:

 

ԱԺ նախագահը կրկին սաստեց պատգամավորներին և հորդորեց կարգազանց պատգամավորներից այդքան շատ չխոսել, այլ անցնել քվեարկության: «Կարգազանցությունը բոլորիդ մոտ է: Ասեք՝ ով է քվեարկողը եղել, էթիկայի հանձնաժողովում քննարկման ներկայացնենք: Դուք ասել եք, որ բացակա կա, ես տեսել եմ, որ իսկապես նա տեղում չէ, քվեարկությունը հանել եմ: Հիմա մտածեք՝ ով է քվեարկել և անունն ասեք»,- հորդորեց նա, բայց այդպես էլ քվեարկության պատկերը ի ցույց չդրեց:

 

Հիշեցնենք, որ այսօր նաև քննարկման է ներկայացվելու ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: