Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որը վարում էր խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Նիստին ներկա էին կառավարության անդամները' վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Շնորահակություն հայտնելով պատգամավորներին «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ակտիվ քննարկումների ու ստացված շուրջ յոթ տասնյակ հարց-առաջարկությունների համար՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի հիմնական ուղղություններն ու ակնկալվող ցուցանիշները: Վարչապետն ընդգծել է, որ 2017թ. համար ՀՆԱ-ի ծավալը կանխատեսվում է հասցնել 255 մլրդ դրամի՝ ապահովելով 8% աճ: Կառավարության ղեկավարը նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն ևս կունենա սոցիալական ուղղվածություն:
Պետական բյուջեի մասին օրենքի նախագծին ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովները տվել են դրական եզրակացություններ:
Ժամը 12:00-ին ավարտվել է բյուջեի նախագծի քննարկումը: Համաձայն ԱԺ կանոնակարգի, պատգամավորները և խմբակցությունները նախագծի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում կարող են նոր առաջարկություններ ներկայացնել:
Ազգային ժողովի նիստը շարունակվել է 2017թ. պետական բյուջեի նախագծին ուղեկցող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթի նախագծի քննարկմամբ:
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նշված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ևս տվել է դրական եզրակացություն: Այն քվեարկության կդրվի խորհրդարանի հաջորդ լիագումար նիստում:
Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունել է «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը:
Խորհրդարանը միաձայն հաստատել է նաև Վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:
Լիագումար նիստի ավարտին պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Հայկ Խանումյանը և Էդուարդ Աղաբեկյանը: