«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը դեռևս չի մտածել՝ ընտրություններին մասնակցելու է, թե՝ ոչ, սակայն նման ցանկություն նա, այնուամենայնիվ, ունի:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինս նշեց, որ ամեն ինչ կախված է ներքաղաքական հետագա զարգացումներից. «Ես այսօր ինձ պատկերացնում եմ այն թիմում, ովքեր իսկապես մտահոգված են երկրի ապագայով ու ճակատագրով: Ինքս ամեն ինչ կանեմ, որպեսզի քաղաքական ուժերի միջև կոնսոլիդացիա ձևավորվի: Եթե այդ համախմբումը լինի, ինքս էլ կմիանամ այն ուժերին, ովքեր ձեռնամուխ կլինեն համազգային շարժմանը»,- ասաց նա:

 

Անդրադառալով Գագիկ Ծառուկյանի վերադարձին՝ Ա. Հարությունյանը նշեց, որ նրա վերադարձը հնարավոր համարում է, քանի որ Գ. Ծառուկյանն այն եզակի ու բացառիկ մարդկանցից է, ովքեր անդավաճան են մնում իրենց սկզբունքներին:
«Գագիկ Ծառուկյանն այն բացառիկ քաղաքական գործիչներից մեկն է, ով իսկապես հավատարիմ մնաց իր յուրաքանյուր ասած խոսքին: Նույնիսկ հայտնի փետրվարյան իրադարձություններից և դրան հաջորդող իշխանությունների ռեվերանսից հետո նա չփոխեց իր դիրքորոշումն ու իշխանությունների հետ բանակցությունների մեջ չմտավ, ինչպես մյուս ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ, Ժառանգությունը: Իսկ Գագիկ Ծառուկյանը ո՛չ փոխեց իր դիրքորոշում, ո՛չ էլ գնաց զիջումների, թեև իշխանություններն այդպիսի հնարավորություն ստեղծեցին: Փակելով այդ էջը՝ նա այսօր էլ կարողանում է ժողովրդի առաջ պարզ ճակատով դուրս գալ»,- ասաց նա՝ շեշտելով, եթե ժողովուրդն իսկապես ցանկություն ունենա, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա մեծ քաղաքականություն, նա, իհարկե, կվերադառնա:

 

«Գագիկ Ծառուկյանի ֆենոմենը կայանում է նրանում, որ նա կարողանում է մարդկանց համախմբել: Եթե նա իսկապես նման որոշում կայացնի ու իր թիմով վերադառնա, իսկապես կկարողանա նպաստել քաղաքական ուժերի համախմբմանը՝ հատկապես ընդդիմադիր դաշտում: Գագիկ Ծառուկյանը նաև ունի մեծ պատասխանատվության զգացում, ինչն ի սպառ բացակայում է մյուս քաղաքական ուժերի ու գործիչների մոտ: Նա երբեք ժողովրդին կոչ չի անի դուրս գալ փողոց, գնալ Մյասնիկյանի արձանի մոտ, ու ինքը տանը հանգիստ, տաք-տաք նստի: Այսինքն՝ նա պատասխանատու է ամեն ինչի համար: Երբ նա զգաց, որ հասունանում է արյունահեղության պահը, կանխեց այն՝ հայտարարելով, որ չի ուզում ժողովրդի արյուն թափվի»,- հավելեց նա:

 

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք հաջորդ ընտրությունները կլինեն բարեփոխված, Ա. Հարությունյանը տարակուսեց՝ նշելով, որ բավականին խնդրահարույց է հատկապես վարկանիշային քվեարկությունը, որը բավականին լուրջ խնդիրների առջև կկանգնեցնի, այսպես ասած, մանր կուսակցություններին. «Եթե խոշոր դաշինքներ չլինեն, ապա մանր կուսակցությունները չեն կարողանա ընտրություններին մասնակցել: Այս առումով է նաև կարևոր Գագիկ Ծառուկյանի վերադարձը»,- ընդգծեց Հարությունյանը:

 

Շարունակելով խոսքը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը նշեց, որ այսօր իշխանություններն ունեն ինչ-ինչ մտահոգություններ, հետևաբար անելու են ամեն ինչ, որպեսզի ընդդիմության համախմբում տեղի չունենա, քանի որ նրանք շատ լավ հասակնում են, որ լուրջ խնդիրներ են ունենալու, եթե այդ համախմբումը տեղի ունենա: «Շատ կարևոր է, որ ընդդիմությունը և ոչ իշխանական ուժերը համախմբվեն և իշխանություններին այլընտրանքով հանդես գան: Իշխանությունն արդեն լավ ճանաչում է ընդդիմությանը, հետևաբար՝ գիտացում ու կանխազգում է ընդդիմության յուրաքանչյուր քայլը: Եվ, եթե ընդդիմությունը չհամախմբվի, կունենա բավականին լուրջ խնդիրներ»,- նկատեց նա:

 

Արամ Հարությունյանի կարծիքով՝ նոր ձևավորվող դաշինքներն ու նոր քաղաքական ուժերը կարող են թարմություն մտցնել քաղաքական դաշտում, բայց արմատական իշխանափոխություն իրականացնելու համար պետք է բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն:

 

Մեր ճշտող հարցին՝ դուք կմիանա՞ք այդ ուժերին, պատասխանեց, որ այդ ցանկությունը պետք է լինի երկկողմանի: «Ինքս հավատում եմ այդ ուժերին և չեմ բացառում համագործակցությունն այս կամ այն ուժի հետ: Եթե այսօր իսկապես լինեն բանակցություններ, որոնն իրենցից ենթադրում են լուրջ համախմբում, ապա ես կմիանամ նրանց, ու ինքս կանեմ ամեն ինչ, որպեսզի կոնսոլիդացիա լինի այդ քաղաքական ուժերի միջև»,- եզրափակեց նա:

 

 

Արմինե Եփրեմյան