Այսօր Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողներից Հովհաննես Ղազարյանը ԿԸՀ շենքի մոտ բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ քոլեջի փոխտնօրենը հեռացրել է իրեն քոլեջից՝ ասելով, որ վաղվանից այլևս դասի չգա:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը պատմեց, որ ուսանողը դպրոցում դասադուլին մասնակցելու կոչեր է արել և այդ կերպ խանգարել դասընթացը:
«Փոխտնօրենն իրեն կանչել, և ասել է՝ դու գնում ես, գնա քո դասադուլին, բայց ուսանողներին իրավունք չունես ընդհանրապես հայտարարություն անել, դասը խանգարել. ի՞նչ է նշանակում էն էլ ուսանողի կողմից: Նրան ասվել է՝ էսօր կարող ես գնալ տուն: Հեռացման ոչ մի հրաման կամ նույնիսկ նման նախազգուշացում չի արվել, բանավոր ասվել է՝ գնա տուն, դրանից հետո գնացել է միտինգ և նման հիմար հատարարություն արել: Մեր քոլեջը քաղաքականացված չէ, և նրա նպատակն է պատրաստել նորմալ մասնագետ ՀՀ-ի համար»,-ասաց քոլեջի տնօրենը:
Հարցին, թե շատ էին արդյոք այդ քոլեջից դասադուլին մասնակցած ուսանողները, վերջինս պատասխանեց, որ ինքը կոնկրետ չի կարող պատասխանել, իսկ ինչ վերաբերում է այդ ուսանողին, կարող է գնալ նստել դասերին, և հավաստիացրեց, որ ուսանողը ոչ մի խնդիր չի ունենա: