«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներում երկու խնդիր կար»,-հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«1-ին խնդիրն այն էր՝ արդյո՞ք պատեհ պահն էր ապրիլյան պատերազմից հետո խոսել հնարավոր կարմիր գծերի մասին, որ Հայաստանը, ըստ Տեր-Պետրոսյանի, կարող է իրեն թույլ տալ: Արդյոք պա՞հն է հարսանիքից առաջ որոշել թոռան անունը: 2-րդ խնդիրը. արդյոք աշխարհաքաղաքական տեսանկյունից ճի՞շտ է, երբ քո՝ ռադիկալ համարվող ընդդիմությունը փորձում է ավելի ճկուն ու «բարիշող» հանդես գալ, քան իշխանությունը: Արդյոք պա՞հն էր, որ երկրի քաղաքական վերնախավն այսպես դիրքավորվեր, որ Հայաստանն ավելի ուժեղ դիրքերից հանդես գար ԼՂ հարցում: Հարցերի պատասխանները ոչ են»,- շեշտեց Արմեն Աշոտյանը:
Ըստ Արմեն Աշոտյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը պատահական չէր, և քանի որ ՀԱԿ-ը վերջին շրջանում քաղաքական լուրջ էներգիա էր կորցրել, որի բացառիկ աղբյուրը «Կոնգրեսի համար առաջին նախագահն է», ուստի նման ելույթն անհրաժեշտություն էր: «Ակնհայտ էր, որ ՀԱԿ-ի նկատմամբ հանրային ուշադրություն կարող էր բերել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ուստի համագումարը ճիշտ ժամանակ էր ընտրված՝ քաղաքական մարքեթինգի տեսանկյունից: Բնական ընկալեք, որ ՀՀԿ-ն այս օրակարգի քննարկմանը չի լծվում, այն է՝ «ռասկրուտկային»»,- շեշտեց կուսակցության փոխնախագահը:
Ինչ վերաբերում է ՀՀ Առաջին նախագահի այն մտքին, թե իրենք պատրաստ են օգնել Սերժ Սարգսյանին, որ վերջինս մենակ չմնա, Աշոտյանն այսպես արձագանքեց. «Սերժ Սարգսյանը երբեք մենակ չի եղել, չի մնա ու չի մնալու: Ուստի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը պետք է փորձել ընկալել որպես երկրի ապագայի մասին անհատի կարծիք»,- ասաց նա: