ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Մեզ հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը հաստատեց տեղեկությունը և հավելեց՝ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

Այն է՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) նախատեսված հետեւանքներ: Սույն արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: 

«Այս պահին ընթանում է նախաքննություն: Այլ մանրամասներ չեմ կարող ասել: Երբ նախաքննությունը կավարտվի, խնդրեմ, խոսենք»,- ասաց Ահարոնյանը: Ի դեպ՝ մոտ մեկ շաբաթ առաջ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ուղարկվել են ՀՔԾ՝ գործով քննիչին, սակայն արդյունքները լրագրողին դեռ չեն ուղարկել: 

ԼՈՒՐԵՐ.com-ն ավելի վաղ գրել էր, որ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ միջադեպի վերաբերյալ բացատրություն տալու: