ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ «Պիվի Հակոբը», դժվարանում է ասել, թե ինչի համար են գործարարները միանում ՀՀԿ-ին:

 

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, արձագանքելով հարցին, նա  սկզբում դժվարացավ պատասխանել, ապա մանրամասնեց, որ ժամանակի ընթացքում հասկացել է, որ միայնակ չի կարող բիզնեսին տեր կանգնել. «2007 թվականին երբ դարձա պատգամավոր, հինգ տարի եղել եմ անկախ, սակայն այդ ընթացքում եղել են մի քանի կուսակցություններից առաջարկություններ, որոնցից իմ կամքով հրաժարվել եմ: Այդ տարիներին շատ բաներ տեսա, շատ բաներ սովորեցի, և հասակացա, որ միայնակ որևէ փոփոխության մեր երկրում չեմ կարող հասնել: Իսկ ես հակված էի նրան, որ այդ փոփոխություններն, այնուամենայնիվ, մեր երկրում անհրաժեշտ են»,- ասաց նա՝ շրջանցելով հարցը:

 

Պնդմանը՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ են բոլոր բիզնեսմենները ՀՀԿ-ական, այլ ոչ՝ ՀԱԿ-ական, կամ որևէ այլ կուսակցական, պատգամավորը հավելեց. «Ես իմ մասին արդեն ասացի, մյուսների փոխարեն չեմ կարող պատասխանել: Նպատակահարմար գտա, որ ճիշտը ՀՀԿ-ական դառնալն է, բայց դա որևէ նշանակություն չունի. ես իմ անձնական կարծիքն այսօր էլ կարողանում եմ արտահայտել»,- մանրամասնեց պատգամավորը:

 

Հարցին՝ գուցե պատճառն այն է, որ եթե ՀՀԿ-ական չդառնան, փողերը կխլեն, պատգամավորը մի պահ լռեց, ապա արձագանքեց. «ՀՀԿ-ն եթե ինձ տանիք չեղավ, ուրեմն մյուսների համար էլ տանիք չէ»:

 

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ը պատգամավորին չարաշահումների համար տուգանել էր 110 միլիոն դրամով:

 

Դիտարկմանը՝ վերջում ստացվեց, որ տանիք էր, պատգամավորը չհամաձայնեց. «Շատ կներեք, բայց վարչապետի զանգով որևէ բան չի եղել: Ընդամենը վարչապետ Կարեն Կարապետյանն ուսումնասիրել է հարցը և իր տեսակետն է հայտնել, սակայն այսօր էլ այդ գործընթացը շարունակվում է բացառապես օրենքի շրջանակներում: Ինչ տանիքի մասին է խոսքը…Եթե քննարկմանը ներկա լինեք, կհասկանաք՝ տանիքի՞, թե՞ օրենքի հարց է»: