ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ ճանաչվեց բացառիկ՝ գերակա հանրային շահ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է նորահայտ հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքի ոչ նպատակային օգտագործումը կանխելու, պատմականորեն ձևավորված նախնական կերպարին համապատասխան վերականգնման և նորոգման, գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական, զբոսաշրջային կամ նախնական գործառնական նպատակներով օգտագործման և հարակից տարածքների կառուցապատումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

 

«Նախարարության մասնագետների կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառույցի սեփականաշնորհումից հետո այն մատնվել է անուշադրության, չեն իրականացվել պահպանական միջոցառումներ՝ մասնավորապես, վերականգնողական աշխատանքներ, միջավայրը մնացել է անխնամ, ինչի պատճառով մեծ բարերարի տունը գտնվում է փլուզման եզրին»,-ասաց նախարարը:

 

Մ. Արամյանցի ամառանոցի շենքը 1992թ. Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան սեփականության իրավունքով հանձնել է Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդին, որն էլ իր հերթին 2005 թ. հոկտեմբերի 18-ին ընդամենը 1 մլն 200 հազար դրամով վաճառել է ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի «Մեթըլ Փրինս» ընկերությանը: Սերոբ Տեր-Պողոսյանի մահվանից հետո սեփականությունը տնօրինում է կինը' Մադլեն Թաշճյանը:

 

Ներկայում ամառանոցը սեփականության իրավունքով պատկանում է «Լոզե» ՍՊԸ-ին, իսկ 2013թ.-ից հիփոթեքի պայմանագրի հիմքով գրավադրված է «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում: Օտարումից հետո սեփականատերը, ինչպես նաև հետագա տնօրինող անձինք չեն իրականացրել պահպանական միջոցառումներ, ինչի պատճառով մեծ բարերարի կառուցած ինքնատիպ շենքը խարխլվել է: Բացի այդ, 2005թ.-ից հետո սեփականատիրոջ իրականացրած շինարարական աշխատանքներից հետո աղճատվել է պատմական միջավայրը, և այն գտնվում է անբարեկարգ, անհրապույր վիճակում: