Ես ընտրությունների անցկացման արվեստի մասնագետ չեմ, սակայն թող ոչ ոք չհայտարարի, որ հարցերը կարելի է լուծել մեկ ժամում: Այդ մասին փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, հայ ժողովուրդը փետրվարի 18-ին իր ձեռքը վերցրեց իշխանությունը, եւ անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստ լինել տեւական ստեղծագործ պայքարի. «Ժողովուրդը չպետք է հոգնի այդ պայքարում, քանի որ ես միայնակ չեմ կարող վարել այդ պայքարը: Ուստի ես հայտարարում եմ, որ պետք է միասին պայքար մղենք: Այդ պայքարը չի սահմանափակվելու Ազատության հրապարակում հանրահավաքներով, մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Բաղրամյան 26-ում չգիտակցեն, որ ժողովուրդն արդեն կողմնորոշվել եւ արել է իր ընտրությունը»:

Հովհաննիսյանը նաեւ նշել է, թե կանի ամեն հնարավորը, որ չհիասթափեցնի ժողովրդին: «Մենք գործելու ենք խաղաղ, հետեւողական քայլերով, եւ թող ոչ ոք մեզ չխանգարի»,- ասել է Հովհաննիսյանը' նշելով, որ արյունահեղություն թույլ չի տա: