Իրանի նախագահի այցը անշուշտ շատ կարևոր էր, որը մեծ հեռանկարներ է բացում թե´ Հայաստանի, թե´ Իրանի համար: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով օրերս Հայաստան պաշտոնական այցով ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

 

«Իրանի հետ հարաբերությունների ջերմացումը շատ կարևոր է: Գաղտնիք չէ, որ Արևմուտքն Իրանի նկատմամբ սանկցիաների մի մասը վերացրել է, բայց միանշանակ գնահատական տանք, որ այնտեղ շատ բարենպաստ միջավայր է, այդպես չէ: Բնականաբար այցով նաև պայմաններ են ստեղծվում մի քանի խոշոր նախագծեր իրականացնելու համար: Առաջինը` գազատարի և դրանից էլեկտրաէներգիայի ստանալու հնարավորությունն է, որի արտադրության հետևանքով Իրանից մենք այսօր ստանում ենք օրը 1 մլն խորանարդ մետր գազ, որից արտադրում ենք 3կվտ հոսանք: Այդ հասույթից 1,5-կվտը տրամադրում ենք Իրանին, իսկ մյուսը 1.5 կվտն անվճար մնում է Հայաստանին: Բայց, եթե մենք ստանանք 3կվտ անվճար հոսանք, մեզ արդեն 4.5 կվտ կմնա: Սա կարևոր ստրատեգիական հարց է, հետևաբար բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի հզորությունը մեծացնում ենք, որը 1-1.5 տարի հետո անշուշտ կտա իր արդյունքները»,- ասաց մեր զրուցակիցը`պատասխանելով հարցին՝ Իրանի հետ համագործակցությունը տնտեսական առումով ի՞նչ կտա Հայաստանին:

 

Պատգամավորի խոսքով՝ Իրանի հետ համագործակցության ընդլայնումը նաև նոր հնարավորություններ կբացի ազատ գոտիների մասով. «Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Արազի և Մեղրու համատեղ համագործակցությունը ևս շատ կարևոր է, թե´ Իրանի, և թե´ Հայսատանի համար: Կարևոր է, իհարկե, նաև Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը Կասպից ծովը կկապի Սև ծովի հետ: Երկաթուղու մասով դեռևս հաշվարկների խնդիր կա, սակայն միանշանակ Հայաստանը կողմ է, որ դա իրականություն դառանա՝ չնայած, որ կողմերի համար շատ թանկ հաճույք կլինի»,- ասաց նա:

 

Մեր դիտակմանը՝ երկաթուղու գործակումը ևս իրատեսական է դառնում, Մելքումյանն ավելացրեց. «Լուրջ կամք ցուցաբերելու դեպքում՝ այն իրականություն կդառնա»:

 

Հարցին՝ Իրանի նախագահի այցի հետ Հայաստանը լուրջ ակնկալիքներ ուներ, մասնավորապես, էներգետիկ ոլորտում համագործակցության հետ կապված, սակայն Հայաստանը նաև այսօր ԵՏՄ անդամ պետություն է, արդյո՞ք սա չի խոչընդոտի Իրանի հետ համագործակցությանը, պատգամավորը նշեց, որ ինքն այդպիսի մտավախություններ չունի, քանի որ Իրանը –Ռուսաստան հարաբերություններն այդքան էլ վատ չեն. «Այդ առումով մեծ ռիսկեր կան, բայց դրանք այդքան էլ վտանգավոր չեն: Եվ հետո, Իրանից եկող մեր խողովակաշարը երկու անգամ փոքր է, քան Ռուսաստանից եկողը: Ռուսաստանից եկողը 1400մմ է, իսկ Իրանի եկողը՝ 700: Այսինքն՝ ծավալներն ու չափսերը մեծ ռիսկեր չեն պարունակում»,- եզրափակեց նա:

 

 Արմինե Եփրեմյան