Անկարայում Ռուսաստանի դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով հետաքննությունը շարունակվում է:

 

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

 

Թուրք իարավապահները հայտնաբերել էին մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշի հեռախոսը, եւ աշխատանքներ են տարվում հեռախոսի 4 նիշից կազմված ծածկագիրը ապակոդավորելու ուղղությամբ:

 

Հետաքննության ընթացքում հանվել է մարդասպանի ելքային եւ մուտքային զանգերի ցուցակը, եւ քննչական աշխատանքներ են իրականացվում այն մարդկանց հետ, որոնց հետ մարդասպանը հեռախոսային խոսակցություններ է ունեցել:

 

Բերման է ենթարկվել մի կին, ում հետ մարդասպանը հաճախակի հեռախոսազրույցներ է ունեցել: Տեղեկությունների համաձայն, այդ կինը Ալթընթաշի ընկերուհին է:

 

Թուրքական ոստիկանությունը ռուս իրավապահներից կազմված խմբի հետ միասին հատուկ գործողություններ է իրականացնում սպանության պատվիրատուներին բացահայտելու եւ ցուցահանդեսին Ալթընթաշին անարգել մուտք գործելու հարցում օժանդակած անձանց բացահայտելու ուղղությամբ:

 

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը սպանվել է թուրք իրավապահների կողմից: