ՀՀ օմբուդսման Արման Թաթոյանը վստահեցնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերահսկում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար ուտելիք տարած, հանրությանը «հաց բերող» բնորոշմամբ հայտնի՝ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը:

 

«Մենք վերահսկում ենք նրա առողջական վիճակը, Արդարադատության նախարարության հետ կապի մեջ ենք: Մեր բժիշկն Արթուր Սարգսյանին ընդունել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, դատապարտյալների հիվանդանոցում: Արթուր Սարգսյանը կարևոր բուժման կուրսեր պետք է անցնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը:

 

Նա տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանի համար նշանակվել են դեղամիջոցներ, սակայն չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ դեղամիջոցներ են նշանակված. «Նրա առողջական վիճակի հետ կապված հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Կարծում եմ՝ լավ է, որ հիվանդանոցում է, որովհետև վերահսկում ենք՝ պե՞տք է արդյոք մասնագիտական այլ հաստատություն տեղափոխել, թե՞ ոչ»,- ասաց Արման Թաթոյանը:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե Արթուր Սարգսյանին խափանման ոչ ճիշտ միջոց են ընտրել, մեղադրանք են առաջադրել, որը նրան համապատասխան չէ, Արման Թաթոյանը դժվարացավ գնահատական տալ՝ պատճառաբանելով, թե ՄԻՊ-ին օրենքով արգելված է որևէ գնահատական տալ: «Մեղադրանքի հիմնավորվածության հարցը դատաքննության առարկա պետք է լինի: Մենք վերահսկում ենք, որ նրա պահման պայմաններում խնդիրներ չառաջանան»,- ընդգծեց օմբուդսմանը: