ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը դեկտեմբերի 29-ից աշխատելու է ուժեղացված ռեժիմով, սակայն ձյան առատ տեղումներն արդեն հասցրել են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հանձնարարականով՝ ուշադրության կենտրոնում են հատկապես հանրապետական ճանապարհներին արգելափակված քաղաքացիները:
Արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալվել են ժամանակավոր հենակետեր: Շարժական հենակետերում ծառայություն է իրականացնում 6 փրկարար, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն են ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն:
Շուրջօրյա հենակետերը ծավալված են՝
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի միջնամասում՝ Տաթեւի վանքի մոտ (մոտակայքում կա նաեւ զինվորական հոսպիտալ)
Արագածոտնի մարզի Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 93-րդ կիլոմետրում՝ Գեղարոտ համայնքի մոտ: Այս պահին այնտեղ մի վրան է ծավալված եւ մեկ շինություն, որոնք համարվում են մեկ տեղամաս:
Գեղարքունիքի մարզի Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին՝ Նորատուս համայնքի մոտ:
Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաև մյուս մարզերում:
Արագ ծավալվող, մետաղական և պնևմատիկ հենաձողերով, երկշերտ ծածկով վրանները հագեցած են մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով:
Վրանները ջրակայուն են և հագեցած են տուժածներին՝ տվյալ պարագայում ցրտահարության ախտանիշով քաղաքացիներին, առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավորություններով: Այն հնարավոր է ծավալել 3-5 րոպեի ընթացքում: Մեկ վրանը կարող է բուժօգնություն ցուցաբերել միաժամանակ երկու տուժածի, իսկ տաք սննդից և հյութերից կարող են օգտվել ավելի մեծ թվով քաղաքացիներ:
Վրաններում մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շուրջօրյա ծառայությունն իրականացնում են հերթափոխով, անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներին կարող են միանալ նաև լրացուցիչ ուժեր:
Նշենք, որ դեկտեմբերի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հերթապահություն են իրականացնելու ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը և մարզային վարչությունների բոլոր պետերը: