2016 թվականի դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիայի և դրա հետևանքով երեք հայ զինծառայողի զոհվելու դեպքի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ:
«Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հարձակման փորձի մեջ, որը հանգեցրեց զոհերի: Հայաստանի զինված ուժերը շարունակում են պահել ադրբեջանցի զինծառայողի դին, որը սպանվեց մարտերի ընթացքում: Հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և հակասում են կողմերի պարտավորություններին, որոնք ուժ չկիրառելու պատասխանատվություն են կրում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին՝ հետևել համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Համանախագահները նաև կոչ են անում վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին: Մենք կոչ ենք անում կողմերին՝ դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում համանախագահների հայտարարությունը որակեց ուշացած և խայտառակ:
«Անարդար, անթույլատրելիորեն անարդար և վտանգավոր հայտարարություն էր, որով զոհի և դահճի միջև հավասարության նշան է դրվում, իսկ զոհին անգամ նկատողություն է արվում, որ իր ագրեսորի դիակը չի հանձնում»,-նշեց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ համանախագահներն այս հայտարարությամբ խոստովանում են, որ «չեն հարգում հայկական կողմին, որ չեն ուզում նեղացնել Ադրբեջանին՝ նրան մեղադրելով իր հանցանքի համար»:
«Այդ հայտարարությամբ խոստովանում են, որ Հայաստանն այնքան է ինքն իրեն վարկաբեկել իր հեզությամբ, որ հիմա արդեն Հայաստանին են սաստում՝ հարձակվողի դին չվերադարձնելու համար: Իսկ հարձակման համար սաստումներ կա՞ն: Կամ որտե՞ղ է հայկական կողմի մեղսավորությունը, որ իր վրա հարձակվել են: Ինչու՞ է զոհը նույնպես ապտակ և նախատինք ստանում՝ դահճին հավասար: Սա նշանակում է նաև, որ այս բանակցային գործընթացում Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում: Նոր մոտեցումներ են պետք և վճռական դիվանագիտական արձագանքներ սեփական պետությանն ուղղված նվաստացումներին: Իհարկե, եթե վճռականի տակ չենք հասկանում համեստ հարցազրույցներ հայաստանյան լրատվական գործակալությանը»,- շեշտեց Հայկ Մարտիրոսյանը:
Իսկ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի պատասխան հայտարարության մասով մեր զրուցակիցն ասաց. «Եթե Հայաստանը քաղաքական ինքնասիրություն ունենար, ապա չէր կարող նման անթույլատրելի հայտարարությանն ինչ-որ անատամ հարցազրույցներով պատասխանել»: Քաղաքագետը փաստեց՝ հայկական կողմը դիվանագիտական հարթակում պարտված է: «Պարտվում են մեկ անգամ: Տարիներ շարունակ հայկական կողմը դիվանագիտական հարթակում պարտված է: Պարզապես դրա սարսափելի դրսևորումները մենք դեռ հետո ենք տեսնելու: Եվ ոչ մի քայլ այդպես էլ չի արվում՝ պարտությունը գոնե շարունակական չդարձնելու համար»:
Քրիստինա Աղալարյան