Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ամանորին ընդառաջ Հայաստանի հանրապետության մի շարք պաշտոնյաների շնորհվել են պետական բարձր կոչումներ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներ, Մխիթար Գոշի մեդալ: Արդյոք պաշտոնյաներին հաճախակի պարգևատրելով շնորհվող մեդալներն ու կոչումները չե՞ն արժեզրկվում և ո՞րն է այն բացառիկ և ազգանվեր գործունեությունը,  որի համար պաշտոնյան կարող է արժանանալ նման բարձրագույն պարգևի, փորձեցինք ճշտել երգահան Վահան Արծրունուց: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնի մտավորականը, խոսելով պետության ղեկավարի կողմից հաճախակի շնորհվող մեդալների, դրանց դերի ու նշանակության մասին, ասաց. «Առաջին հերթին՝ եկեք տեսնենք, թե ում է շնորհում նախագահն այդ մեդալները. իր թիմակիցներն են, և դա նրանց գնահատելու միջոցներից մեկն է»:

 

Ըստ Վահան Արծրունու` պետական կոչում շնորհելը դարձել է սովորական պրակտիկա, սա շատ բնական է, և պետք չէ զարմանալ: «Այն մարդիկ, որոնց իրենք արժևորում են, այդպես են գնահատում: Եթե, օրինակ, Հերմինե Նաղդալյանը ստանում է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, նշանակում է՝ հենց այդ առաջին աստիճանի ծառայությունն էլ մատուցել է. խոշոր հաշվով՝ ինչ մատուցել են, դրան համարժեք  գնահատական և կոչում են ստացել»:

 

Իսկ դիտարկմանն՝ արդյոք հաճախակի կոչումներ և մեդալներ շնորհելով չի՞ խամրում դրանց իրական արժեքը, Վահան Արծրունին պատասխանեց.«Իրենց տեսակետից՝ չի արժեզրկվում, բայց իրականում այդ պարգևներ ստացողները ժողովրդի մոտ տարակուսանք են առաջացնում: Եվ հետո, ո՞վ գիտի այդ բոլոր կոչումների իրական արժեքը: Սա, մեծ հաշվով, արժեհամակարգի և հասկացոթյունների օտարում է: Կարծում եմ՝ կոչումներով Սերժ Սարգսյանն ուրախացնում է իր թիմակիցներին»:  

 

Հիշեցնենք, որ 2016 թ դեկտեմբերի 31-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ գեներալ-գնդապետի կոչում։ Պարգևատրվել են նաև Լևոն Երանոսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գալուստ Սահակյանը, Արման Սահակյանը,  Կորյուն Նահապետյանը, Վարդան Այվազյանը, Գագիկ Մինասյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը և այլոք:

 

Աղավնի Սուքիասյան