Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների շահագործումը խրախուսելու համար, 2017 թվականին կայացած առաջին ավագանու նիստի ժամանակ անդրադարձ է կատարել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցին՝ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարելով մշակել և Երևանի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը ներկայացնել մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու մասին որոշման նախագիծ:

Փաստորեն, խոսքը վերաբերում է շուկայական բավական բարձր արժեք ունեցող մեքենաների (դրանցից որոշները ներկայացված են ստորև)  կայանման համար նախատեսված գումարների չեղարկմանը, իսկ նման մեքենաներ Հայաստանում կարող են շահագործել հիմնականում էլիտար դասի ներկայացուցիչները, որոնց համար ամսական 12.000 դրամ պետական տուրքը դժվար թէ լուրջ ծախս համարվեր: 

Նշենք, որ նմանատիպ մեքենաների վաճառքի արժեքը սկսվում է 30 հազար դոլարից՝ հասնելով մինչև 200.000 դոլարը:

Ի՞նչ է ստացվում, քննարկվում է կրկին արտոնություններ տալ մեծահարուստներին, իսկապես՝ Տեսլա վարող քաղաքացին ունի 12.000 դրամից ազատվելու կարիք:

Քաղաքապետի առաջարկի վեաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոն» ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ նախքան նման արտոնությունների մասին խոսելը, պետք էր չշտապել և դաշտն ամբողջությամբ ուսումնասիրել. «Սկզբում պետք էր ուսումնասիրել և հասկանալ, թե նման մոբիլներ շահագործողներն ի՞նչ թիվ են կազմում Հայաստանում: Նման որոշման կարելի էր գնալ այն դեպքում, եթե Հայաստանում նման մոբիլներ վարողները շատ լինեին, բայց իրականում նրանք մեզ մոտ շատ քիչ են շահագործվում»:

Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի՝ էլեկտրամոբիլների համար խնդիրները Հայաստանում կապված են նաև դրանց լիցքավորման հետ. «Վարորդները բողոքում են, որ չկան լիցքավորման տեղեր և համապատասխան սարքավորումներ»:

Այս ամենով հանդերձ՝ Էդուարդ Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ նման մեքենաների շահագործումը Հայաստանում պետք է խթանել, սակայն կարելի էր նաև մտածել մյուս տիպի մեքենաներ շահագործողների համար որոշակի արտոնություններ սահմանելու մասին. «Oրինակ՝ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող մեքենաների մաքսազերծման համար սահմանվել է մոտավորապես 70 հազար դրամ CO2 -ի պարտադիր տուրք. կարելի մեր քաղաքացիներին ազատել այդ պարտադիր վճարից: Եվ, առհասարակ, ճիշտ է, որ Հայաստանում մաքսազերծումն իրականացվի Վրաստանի օրինակով»:

Այժմ ներկայացնենք էլեկտրամոբիլների օրինակներ, որոնք լայն սպառում ունեն աշխարհում. օրինակ՝ Tesla ընկերության թողարկած ամենաարագընթաց էլեկտրամոբիլի գինը կազմում է 134,5 հազար ԱՄՆ դոլար:

Tesla Motors ընկերությունը թողարկել է նաև մեկ այլ ապրանքանիշի մեքենա՝ նախատեսված  զանգվածային վաճառքի համար: Էլեկտրամոբիլի արժեքը կազմում է 50 հազար դոլար: 

BAIC չինական ընկերությունը ԱՄՆ-ում հետազոտությունների եւ մշակումների կենտրոն է բացել, որտեղ ավտոընկերությունը կզբաղվի նոր մոբիլների արտադրությամբ, որոնք կունենան համեմատաբար ցածր արժեք:

 

 

 

Աղավնի Սուքիասյան