Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը: Այս մասին տեղեկացրին ԵԽ գրասենյակից:
«Եվրոպայի խորհուրդն ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում և մշտապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք հակամարտության հումանիտար ասպեկտների առնչությամբ»,- նշել է Յագլանդը: Նա հայտնել է, որ տեղյակ է 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հրադադարի ռեժիմի խախտման փաստին, որի հետևանքով եղան զոհեր, իսկ մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դիակը շարունակում է մնալ հայկական կողմում:
«Ես հորդորում եմ կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ դիակը վերադարձնելու կոչին՝ համաձայն 2010 թվականի Աստրախանի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության և հաշվի առնելով խնդրի հումանիտար բնույթը»,- ասել է նա: