Հայաստանի ներքաղաքական կյանքում չափազանց հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել. մի կողմից կարող է թվալ, թե արդեն ամեն բան պարզ է, կանխատեսելի, ու իշխանությունները հասցրել են հիմնական շեշտադրումները կատարել իրենք իրենց համար և այլևս հստակորեն պատկերացնում են, թե կոնկրետ ինչպես, ինչ եղանակով պետք է հաղթահարեն առաջիկա ընտրությունների արգելքը, մյուս կողմից՝ դատելով իշխանական բուրգի ներսում ընթացող ինչ-ինչ պրոցեսներից, որոնք, պետք է խոստովանել՝ հետզհետե սկսում են շատերի համար անակնկալ բնույթ կրել, կարելի է հաստատ ասել, որ մինչև ապրիլ՝ մեզ բավական հետաքրքրաշարժ իրադարձություններ են սպասվում. ամեն բան այնքան էլ միանշանակ կարող է և չլինել:
Երբ նախագահ Սարգսյանը Կարեն Կարապետյանին նշանակեց վարչապետ, շատերն այն կարծիքին էին, թե իշխանություններն այդ քայլին գնում են ընդամենը մեկ նպատակով. Կարապետյանից փորձում էին կերտել սեփական իրավահաջորդի՝ 2017-18-ից հետո աստիճանաբար նրան փոխանցելու ամբողջական իշխանությունը: Այս տարբերակը հատկապես պոպուլյար էր, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէր, թե իրականում Կարապետյանն ում մարդն է և աշխարհաքաղաքական որ կենտրոնի շահերն է հատկապես արտահայտելու այս գործիչը՝ հայաստանյան իշխանական բուրգում:
Անցան ամիսներ, ծավալվեցին բավական հետաքրքրաշարժ գործընթացներ ու պարզվեց՝ բոլոր նմանատիպ խոսակցությունները խիստ չափազանցված էին, ու հիմա ոչ ոք Հայաստանում ոչ միայն առանձնապես չի պատրաստվում Կարապետյանին օժտել «գերմարդկային» ունակություններով, այլև, կարծես խիստ հարցականի տակ է հայտնվել Կարապետյանի քաղաքաքական ապագան՝ առհասարակ. «ջրի երես են դուրս եկել» որոշ իրավական խնդիրներ՝ կապված Կարապետյանի՝ ՀՀ-ում վերջին 5 տարիների ընթացքում չբնակվելու իրողության հետ, ու հիմա այլևս գրեթե անվիճելի է, որ Կարապետյանն առաջիկա ընտրություններին ոչ մի հնարավորություն չի ունենալու՝ ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվելու: Այսպիսով՝ արդեն իսկ կարելի է ֆիքսել, որ ինչ-որ իմաստով ներկայում ստեղծված անորոշությունը շատ ավելի արտահայտիչ է իշխանական դաշտում, քան՝ ընդդիմադիր. իշխանություններն, ըստ էության, ոչ մի կերպ չեն կարողանում ադապտացվել նոր Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին ու հիմա չգիտեն՝ ինչպես վարվել ստեղծված իրավիճակում:
Այս՝ յուրատեսակ կազուս հիշեցնող իրավիճակը, սակայն, կարող է պայմանավորված լինել մեկ այլ հանգամանքով ևս. չի բացառվում, որ Կարապետյանի՝ օրենսդրական դաշտում ունեցած խնդիրների մասին հիշելը կապված լինի ոչ թե ենթադրյալ խուճապով, այլ կրի միանգամայն պլանավորված բնույթ: Հաշվի առնելով բարձրագույն իշխանությունների շախմատային մտածելակերպը՝ կարելի է պնդել, որ իրականում Կարապետյանի առջև իրավական յուրատեսակ «բարիեր» կառուցելը կարող է ունենալ մեկ նպատակ. ամենայն հավանականությամբ՝ փորձում են Կարապետյանին սեփական տեղը ցույց տալ ու հասկացնել, որ վերջինս որևիցե կերպ չի կարող համապատասխանել իրավահաջորդի կերպարին ու կարող է հավակնել միայն, այսպես ասած, իշխանական բաժնետերերից մեկի դերին: Այլ կերպ ասած՝ Կարապետյանին կանգնեցնում են փաստի առաջ՝ զսպելով նրան օրենքի ողջ ուժով (այս սցենարը, թերևս, նախապես պլանավորված պետք է համարել, քանի որ ակնհայտ է՝ Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելիս դժվար թե նրա այս խոցելի կողմի մասին տեղյակ չլինեին):
Բայց ինչպիսի պլաններ էլ ունենան իշխանություններն ու սեփական իշխանությունն անձեռնմխելի դարձնելու ճանապարհին ինչպիսի սցենարներ էլ կիրառեն, ակնհայտ է մնում մեկ բան՝ այս ամենի արդյունքում ժողովուրդը որևիցե կերպ չի շահելու. նա ընդամենը փորձադաշտ է, որի հաշվին էլ, խոշոր հաշվով, իշխողները փորձում են կառուցել սեփական պլանները...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ