Դեռևս տարիներ առաջ՝ երգչուհի, հետո նաև քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանի պատգամավոր դառնալու հանգամանքը հանրությունը դրական չընդունեց, մարդիկ բացասական որակումներ տվեցին վերջինիս՝ պատգամավոր դառնալու երևույթին:

 

Ինչ խոսք՝ նկատելի է Շուշան Պետրոսյանի քաղաքական պասիվությունը՝ պատգամավորական գործունեության ընթացքում։ Նա համարվում է ԱԺ լռակյաց պատգամավորներից, քանի որ ոչ մի անգամ ելույթով հանդես չի եկել և ոչ մի օրենքի նախագիծ չի ներկայացրել քննարկման: Պատգամավորը հազվադեպ է հանդես գալիս ելույթներով, և, կարելի է ասել, որ քվեարկում է այն նախագծերի օգտին, որոնց օգտին քվեարկում են ՀՀԿ-ական պատգամավորները։  Հրավիրված մամլո ասուլիսների ընթացքում պատգամավորը պաշտպանում է ՀՀ իշխող՝ «Հանրապետական» կուսակցության նախագահին, անդամներին և վերջիններիս դիրքորոշումը։

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Շուշան Պետրոսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք մասնակցելո՞ւ է ընտրություններին, լինելո՞ւ է ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ ոչ: Սակայն, լսելով, որ լրատվականից են անհանգստացնում, Շուշան Պետրոսյանը խուսափեց զրույցից՝ ասելով. «ուշ զանգահարեք»:

 

Մի քանի օր համառորեն զանգելուց հետո, ի վերջո՝ հաջողվեց կապ հաստատել պատգամավորի հետ. այս անգամ էլ՝ հարցը լսելուն պես, առանց որևէ բան ասելու՝ անջատեց հեռախոսը:

 

Իշխանական կուլիսներում, սակայն, շատ է քննարկվում Շուշան Պետրոսյանին այլևս ՀՀԿ ցուցակում չընդգրկելու հարցը. բանն այն է, որ նա չի կարողացել բավարարել հարազատ կուսակցության պահանջները: Սկանդալների կիզակետում հաճախ հայտնվող այս պատգամավորը, ով աչքի է ընկնում իր անբռնազբոս կերպարով, ցայտնոտի մեջ է հայտնվել. չէ՞ որ այդքան հավատարիմ լինելով հանդերձ, ՀՀԿ-ն իրեն երկրորդ պլան է մղել:

 

Սոնա Հարությունյան