ՀՀ կառավարության նորաստեղծ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը պետություն-մասնավոր հատվածի համագործակցության վառ օրինակ է: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Սա մի հարթակ է, որտեղ մենք ցանկանում ենք ձևավորել մեր տեսլականը, ֆիքսել ծրագրերը, թե ինչպես ենք առաջ տանելու մեր երկիրը: Այդ հարթակի վրա մենք ունենալու ենք բազմաթիվ խորհրդատվություններ: Ձևավորվել է բավականին պրոֆեսիոնալ թիմ՝ շատ հայրենասեր, պարկեշտ մարդիկ»,-նշեց Կարապետյանը:

 

Վարչապետը հավելեց, որ այդ հարթակում ինքը պլանավորում է հանդիպումներ անցկացնել նախկին վարչապետների, տնտեսագետների, գործարարների հետ: «Ֆինանսավորումը լինելու է պետական բյուջեից, ինչպես նաև մասնավոր աղբյուրներից: Մենք քննարկելու ենք հարցեր՝ կապված պետական կառավարման համակարգի բարելավման, հարկային, մաքսային համակարգի բարելավման, բոլոր կարևոր ոլորտների զարգացման հետ»,- եզրափակեց վարչապետը: