Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ և մատչելի պայմաններ ապահովելու, նրանց հասարակությանն ինտեգրելու նպատակով  կառավարության  նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հավանությանն արժանացավ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ համալիր ծրագիրը, որով, ըստ ոլորտների՝ պետք է կարգավորվեն առկա խնդիրներն ու բացթողումները: Նման ծրագիր ընդունվում է ամեն տարի, և պետությունը ստանձնում է պարտավորություն՝ բարելավելու հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար միջավայրն ու օրենսդրական դաշտը:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Dsabilityinfo ՀԿ-ի նախագահ Զառա Բաթոյանն, անդրադառնալով վերը նշված ծրագրին, նշեց.

«Հաշմանդամության ոլորտի խնդիրներին վերաբերող 5 տարվա այդ ծրագիրն էականորեն չի տարբերվում ամեն տարի իրականացվող ծրագրերից և այն ծրագրային միջոցառումներից, որոնք տարբեր նախարարություններ կամ ՀԿ-ներ՝ անկախ ամեն ինչից, իրականացնում են: Ես շատ կուզենայի, որ այդ ծրագիրը լիներ համակարգային փոփոխության ծրագիր և արտացոլեր իշխանությունների քաղաքական կամքը՝ համակարգային փոփոխություններ անելու համար. օրինակ՝ չանել սպորտային կամ մշակութային միջոցառումներ՝ որոշակի թվով մարդկանց համար, այլ իրականացնել հենց նույն մարզադպրոցների կամ մշակութային կենտրոնների մատչելիությանը և մշակութային արժեքների հասանելիությանը նպաստող ծրագրեր՝ բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց համար»:

Ըստ նախագծի՝ Հանրապետություն ներկրվող տրանսպորտային միջոցների առնվազն 30% -ը պետք է մատչելի լինի, իսկ կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցների առնվազն 25% -ը պետք է վերազինել հատուկ սարքավորումներով: Զարուհի Բաթոյանի պնդմամբ՝ ծրագրի թերի կողմերից մեկն էլ ակնկալվող հենց այս ցուցանիշներն են.

«Սա խտրական մոտեցում է: Եթե խոսքը վերաբերեր արդեն ներկրված մեքենաներին, դա կարելի էր մի կերպ հասկանալ, բայց անթույլատրելի է, որ ներկրվող ավտոբուսներն ի սկզաբանե չլինեն մատչելի, քանի որ դրանք թանկ են: Ասվում է, որ 20 տարի հետո բոլոր տրանսպորտային բոլոր միջոցները կլինեն մատելի, ներեցե՛ք, բայց ես 20 տարի սպասելու ժամանակ չունեմ, և դա ոչ միայն իմ, այլ պետության խնդիրն է, քանի որ պետությունը վավերացրել է ՄԱԿ-ի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը բացառում է խտրականությունը: Մենք գրեթե պատկերացում չունենք՝ ինչ ասել է խտրականություն, և ասվածի օրինակը կառավարության համալիր ծրագրում առկա՝ «ներկրվող ավտոբուսների 30 տոկոսը պետք է լինի մատչելի» ձևակերպումն է»:

Զարուհի Բաթոյանի փոխանցմամբ՝ տվյալ նախագծով սահմանվում է որոշակի փոքր քանակով աուդի և բրայլյան գրքերի տպագրում, ինչ նախկինում էլ էր արվում, բայց եթե փորձենք նման գրքեր գտնել գրադարաններում՝ չեք կարող:

«Ի դեպ, նշեմ, որ մենք և տարբեր ՀԿ-ներ մասնակցել ենք նախագծի քննարկմանն, արել բազմաթիվ առաջարկներ, բայց դրանց զգալի մասը չի ընդունվել, չկան նաև գրավոր հիմնավորումներ, թե ինչու են մերժվել»:

Ըստ մեր զրուցակցի՝ համալիր ծրագրում ընդգրկված շատ դրույթներ պարզապես «քոփի-փասթ» են արվել նախորդ տարիների ծրագրերից և դա է պատճառը, որ դրանք թերի են և չեն տալիս խնդիրների լուծումները.  «Համալիր ծրագրում խոսվում է, օրինակ, անվճար բուժօգնության մասին՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք իրավունք ունեն ստանալու անվճար դեղեր, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք' 50 տոկոս զեղչով: Դա արդեն նախատեսված էր օրենքով, ինչ է՝ ստացվում է՝ համալիր ծրագրում մենք նշում ենք օրենքի իրականացո՞ւմ»: 

 

Աղավնի Սուքիասյան