Հունվաի 13-ին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված ասուլիսն, անկասկած, շատ առումներով կարելի է նշանակալից համարել' հատկապես դրանում հնչած' բանախոսի քաղաքական ապագային վերաբերող բավական օրիգինալ մեսիջների պատճառով:
Վերջին օրերի գլխավոր ներիշխանական ինտրիգն, ինչպես հայտնի է, հիմնականում ծավալվում է Կարեն Կարապետյանի անձի շուրջ, իսկ ավելի ճիշտ' նրա քաղաքական ապագայի: Կարապետյանին պատգամավորական ցուցակում չներառելը, հետզհետե ակտիվացող խոսակցություններն այն մասին, որ վարչապետը չոր օրենքի տեսանկյունից չափազանց խոցելի իրավիճակում է հայտնվել, գալիս էին հաստատելու այն միտքը,որ իրականում Կարապետյանի վարչապետական կարիերան կարող է և այնքան էլ երկարատև չլինել, ինչպես ակնկալվում էր նրա վարչապետության սկզբնական շրջանում:
Այս իմաստով, պետք է նկատել՝ Կարեն Կարապետյանի ասուլիսը վճռորոշ կարելի է համարել. մարդը, փաստացի, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ հստակորեն խոստովանեց, որ եթե օրենսդրական առումով խնդիր ծագի ու օրենքը թույլ չտա կարիերային աճ ունենալու, ապա ինքը կենթարկվի օրենքի պահանջին ու ավելորդ շարժումներից զերծ կմնա: Սրանով, ըստ էության, Կարապետյանը փորձեց վեջակետ դնել դեռևս իր խորքում ինտրիգ պարունակող հարցին ու հասկացրեց, որ իր հետ առանձնակի հույսեր կապելն այլևս անիմաստ է լինելու:
Իսկ եթե այս ամենին էլ գումարենք ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի չափազանց խոսուն ակնարկն այն մասին, թե Կարապետյանի պատասխանը «օրենքը պահող պաշտոնյայի օրինական պատասխան է», ուրվագծվող պատկերն է՛լ ավելի ցայտուն ու արտահայտիչ կստացվի (Շարմազանովն, ինչպես հայտնի է, երբեմն հանդես է գալիս վերևների խոսափողի դերում, ասում այն և այնտեղ, ինչը հարկավոր է վերադասներին):
Այսքանից հետո բնական հարց է ծագում' ո՞րն էր այս ողջ աժիոտաժի բուն իմաստն ու նպատակը: Ո՞րն էր ժողովրդի շրջանում տնտեսական իրական առաջընթացի հույս արթնացնելու իշխանությունների ձգտման իմաստը, երբ Կարապետյանի վարչապետության հատկապես առաջին շրջանում «հայբուդուր» էին անում, թե Հայաստանի խորտակվող տնտեսության միակ փրկօղակը հանդիսանալու է հյուսիսից ժամանած սույն «կադրավիկը», որ յուր վստահելի կադրերով իսկական հեղափոխություն է անելու վաղուց թարմության շունչ չզգացած մի բուռ Հայաստանում: Ակնհայտ է չէ՞, որ եթե Կարապետյանին հատկացրած ժամանակը սպառվելու է 2018-ի սկզբներին, ապա վերջինս զուտ օբյեկիվորեն ժամանակ չի ունենալու տնտեսությունը լիարժեքորեն կարգի բերելու համար. մինչև մի քանի հավելյալ ՊՈԱԿ-ներ ու ԾԻԳ-եր կրճատի կամ մեկը փակի, փոխարենը երեք այլ գերատեսչություն ստեղծի, ժամանակը կլրանա, ու ինչպես որ հրավիրել էին ներս, նույն քաղաքավարությամբ էլ կճամփեն դուրս:
Հետևաբար, միակ տրամաբանական եզրակացությունը, որ կարելի է անել այս' բացառիկ էպոպեա հիշեցնող պատմությունից, հետևյալն է' Կարապետյանին վարչապետ կարգելու որոշումն ի սկզբանե ունեցել է երկու հիմնական դրդապատճառ. առաջին' նախագահ Սարգսյանը Կարապետյանի միջոցով հաջողությամբ ազատվում է ավելորդ բալաստից, եկրորդ' ճանապարհ է հարթում հարազատ կուսակցության առջև հառաջս 2017-ի ընտրությունների' ՀՀԿ-ին նոր շունչ, մարդկային դեմք հաղորդելու կտրվածքով:
Այնպես որ' բոլոր նրանք, ովքեր լիահույս էին, թե հենց Կարապետյանն է դառնալու նոր սկզբի առաջին ռահվիրան ու յուրատեսակ սիմվոլը' նոր Հայաստանի, կարող են ավելորդ երևակայություններով սեփական մտքի ծալքերը չծանրաբեռնել. ամեն բան վաղ թե ուշ վերադառնալու է ի շրջանս յուր, ամեն բան ընկնելու է իր տեղը: Սպասենք, ուրեմն, 2018-ին…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ