Արցախի Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ձայների 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

 

Նախագծին դեմ են քվեարկել «Դաշնակցություն» և «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը, կողմ՝ «Ազատ Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները: Ըստ նրա՝ առաջիկա օրերին հստակ կլինի, թե երբ է հանրաքվեն:

 

Ի սկզբանե սահմանադրական փոփոխություններին կողմ և նախաձեռնող ուժերից մեկը՝ «Դաշնակցությունը», դեմ է քվեարկել նախագծին: Պատճառների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի հետ: 

 

-Պարոն Իշխանյան, կներկայացնե՞ք սահմանադրական նախագծին դեմ քվեարկելու պատճառները:


- Մենք մեր տեսակետի մեջ նշել ենք, որ քաղաքական առանցքային մի քանի կարևոր հարցեր կան, որոնք վերաբերում են թե՛ կառավարման համակարգին, թե՛ ընտրություններին: Այդ և նման կարգի մի շարք խնդիրներ՝ պատճառ են հանդիսացել, որպեսզի մենք դեմ քվերակենք սահմանադրության նախագծին: Մենք մոտ 40 առաջարկ էինք ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել էր, բայց հիմնական առաջարկները, որոնք ակնկալում էինք, որ կարող էր ընդունվել, չեն ընդունվել: 

 

-Ո՞ր առաջարկները չեն ընդունվել: 


-Ընդհանուր՝ 4 քաղաքական առաջարկ կար, որոնք վերաբերում էին Արցախի տարածքների ամրագրմանը, միաժամանակյա ընտրություններին, կառավարման համակարգին և տեղական ինքնակառավարման մարմիններին: Երկու ոլորտում որոշակիորեն ընդունվել է մեր առաջարկները, երկու ոլորտում՝ չի ընդունվել, այդ իսկ պատճառով՝ մենք դեմ ենք քվեարկել: 

 

-Նոր Սահմանադրությունն ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում: 


-Ամենամեծ վտանգն այն է, որ նոր սահմանադրության նախագծով առաջարկվում է մի համակարգ, որը փորձարկված չէ, որը դասական նախագահական համակարգը չէ: Արցախի հանրապետության պես երկրում նման կառավարման համակարգ ներդնելը որոշակիորեն մտահոգության տեղիք է տալիս: Մեր պատկերացումներով ու գնահատմամբ, այն կարող է իր մեջ պարունակել ավելի շատ վտանգներ, քան դրական կողմեր: Մյուս կողմից՝ մենք պետք է նկատի առնենք, որ Ղարաբաղի հիմնահարցի առումով պետք է հաշվի առնել բոլոր կողմերը: Այն, ինչը մենք առաջարկում ենք, պետք է ժողովրդավարական սկզբունքների առումով մեկ քայլ առաջ լինի,  ոչ թե նահանջ: Մեր կարծիքով՝ խորհրդարանական կառավարման համակարգը գործող կիսանախագահական համակարգից մեկ քայլ առաջ է: Իսկ անցումը կենտրոնացված նախագահական համակարգի, ժողովրդավարության սկզբունքների որոշակի նահանջ է, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ թե՛ ղարաբաղյան հիմնահարցի, թե՛ Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրա: 

 

-Իսկ այն պնդումները, թե Սահմանադրության փոփոխությունը իշխանության վերարտադրության համար է, ինչպե՞ս եք գնահատում: Համամի՞տ եք: 


-Մենք ի սկզբանե ասել ենք, որ այդ կարծիքը չենք կիսում: Սահմանադրական փոփոխությունների պահանջ կար, և «Դաշնակցության» Արցախի կառույցը դա նախաձեռնողներից մեկն էր: Տարբեր քաղաքական ուժեր՝ ունեն իրենց պատկերացումներն ու տեսլականը: 

 

-Ստացվում է՝ դուք, լինելով սահմանադրության փոփոխության կողմնակից և նախաձեռնող, վերջնական արդյունքում դե՞մ եք քվեարկել: 


-Այստեղ հայեցակարգային և մոտեցումների խնդիր է: Մենք չենք ընդունել ներկայացված հայեցակարգը, բայց նաև մասնակից ենք եղել բոլոր փուլերին, քննարկումներին, տվել մեր առաջարկությունների փաթեթը և հույս ունեցել, որ կարող ենք որոշակիորեն ներազդել այդ ընդհանուր գործընթացների վրա:  

 

-Իսկ Արցախի ժողովուրդն ի՞նչ է մտածում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ հանրաքվեին Արցախում ինչպիսի՞ արդյունք կլինի: 


-Չեմ կարող կանխորոշել կամ կանխատեսել: Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալներ կան, որ Արցախի ժողովրդի գերակշիռ մասը նախընտրում է նախագահական կառավարման համակարգը: Արցախի ժողովուրդը միշտ կարողացել է ցուցաբերել իմաստություն և խոհեմություն, և այս պարագայում ևս իմաստուն որոշում կկայացնի: 

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի