Ամեն տարի գյուղատնտեսական խորհրդատվական ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվում են հսկայական գումարներ՝ հայ գյուղացուն և հողի մշակին իր գործն արդյունավետ կազմակերպել սովորեցնելու համար: Ու չնայած հատկացված միլիոններին և մշակվող ծրագրերին՝ գյուղացին շարունակում է հող մշակել և անասուն պահել պապենական ավանդույթներով՝ հարցերի դեպքում դիմելով իր գյուղապետին կամ համագյուղացուն:

 

Գյուղական խորհրդատվական ծրագրերի համար՝ 2014 թվականից սկսած՝ պետբյուջեի ֆինանսավորմամբ կազմակերպվել են սեմինարներ, դաշտային ուսուցումներ, տպագրվել են տարատեսակ բուկլետներ, որոնց մասին, սակայն, գյուղատնտեսներից շատ քչերը գիտեն: Այդ նպատակով 2014 թվականին պետական բյուջեից հատկացվել է 397.3 մլն դրամ, 2015-ին՝ 395.8 մլն. դրամ,  և այդ թիվն ամեն տարի աճել է, թեև ոլորտն առանձնապես չի բարելավվել: Ըստ «Օքսֆամ Հայաստան»-ի իրականացրած հետազոտության արդյունքների՝ ԳԽԾ ծրագիրը գյուղատնտեսության ոլորտում շարունակաբար իրականացվող ծրագրերից է, որի բյուջեն 2016 թվականին կկազմի 397.3 մլն դրամ: Ծրագրի ֆինանսավորման ծավալները 2008- 2016 թվականների ընթացքում աճել է 2.8 անգամ կամ միջին տարեկան՝ 13.9 տոկոսով:


Ըստ նույն զեկույցի՝ ծրագրի գնահատման արդյունքները, սակայն,  թույլ են տալիս պնդել, որ ԳԽԾ ծրագրի ազդեցությունը գյուղացիական տնտեսությունների տնտեսվարման արդյունավետության բարելավման տեսանկյունից՝ խիստ փոքր է և ոչ էական: ԳՏ-ների մասնակցության մակարդակը խորհրդատվական միջոցառումներին՝ ցածր է: Դրանց հիմնականում մասնակցում են ավելի շրջահայաց, նոր գիտելիքներ ստանալու ավելի մեծ ցանկություն և մոտիվացիա ունեցող մարդիկ, իսկ գյուղացիական տնտեսություն վարողները, սովորաբար, հարցերի դեպքում դիմում են գյուղապետարանի օգնությանը կամ օգտվում գյուղապետարանի պատին փակցված հայտարարություններից:

 

Թեև միլիոններ են ծախսվում գյուղացուն հող մշակել սովորեցնելու կամ անասնապահությամբ զբաղվելու համար, բայց, ըստ Օքսֆամի իրականացրած հետազոտության, գյուղատնտեսությունից ստացվող եկամուտները փոքր են և չեն բավարարում գյուղացիներին՝ իրենց ընտանիքի հոգսերը հոգալու համար, իսկ հասարակության տեղեկացվածության մակարդակը ծրագրի մասին՝ բարձր չէ: Նմանատիպ ծրագրերի մասին լսել են հետազոտությանը մասնակցած ԳՏ-ների ընդամենը 20 տոկոսը:


Ինչ է ստացվում. ամեն տարի  կառավարության ծրագրում հաստատվում են գյուղատնտեսության զարգացման նմանատիպ «արդյունավետ» ծրագրեր, որոնք սակայն, որևէ նկատելի  դրական ազդեցություն չեն թողնում ո՛չ գյուղացու կենսամակարդակի, ո՛չ էլ ՀՀ գյուղատնտեսության մակարդակի վրա:

 

Հիշեցնենք, որ նախկինում զարգացման աճ չապահովեցին ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կով կթելու վերաբերյալ անցկացրած դասընթացները, ո՛չ էլ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի «ցնցող բացահայտումները»՝ կենդանիներին ցավազրկելու և նրանց եղունգները հեռացնելու վերաբերյալ:

   

Աղավնի Սուքիասյան