Սովորաբար, ընդունված է կարծել, թե մեր երկրի առջև ծառացած գիտակրթական խնդիրների շարքում ամենասուր կերպով դրված են հատկապես կրթական խնդիրները: Մեզ այդպես էլ չի հաջողվել ստեղծել մի ունիվերսալ բանաձև, որն անխափան կգործեր Հայաստանում անկախ այն բանից, թե ով է կրթության և գիտության նախարարը. մեզ մոտ այժմ այնպիսի մի վիճակ է, երբ ամեն մի նոր եկող նախարար փորձում է սեփական մտքերն ու գաղափարները բերել համակարգ ու դրանք կյանքի կոչելով՝ բոլորին ցույց տալ, թե ինքն ավելի լավն է, քան՝ իր նախորդը: Արդյունքում՝ մի քանի տարին մեկ՝ ամեն մի նոր նախարարի հետ միասին ոլորտում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք անընկալելի են մնում հասարակության կողմից:
Լևոն Մկրտչյանի անձով է պայմանավորված, թե՝ ոչ, բայց կառավարությունն, ինչպես պարզվում է, շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը», որը շուտով փոխարինելու է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին գործող օրենքին: Համաձայն «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծի՝ բակալավրիատի և մագիստրատուրայի երկու աստիճաններին կավելանա նաև երրորդը՝ ասպիրանտուրան։ Բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, որը շատ երկրներում ընդունված է, ՀՀ-ում առայժմ բարձրագույն կրթության մեջ չի մտնում, դա համարվում է հետբուհական կրթություն: Այժմ նոր օրենքի նախագծով երրորդ աստիճանը՝ ասպիրանտուրան, կամ հայցորդության համակարգը Հայաստանում ընդգրկվելու է բարձրագույն կրթության մեջ:
Կարևորագույն հարցը, որ այս ամենի հետ կապված առաջ է գալիս, ու որի շուրջ հասարակությունում ու հատկապես մասնագիտական շրջանակներում հնչում են շատ կոնկրետ մտավախություններ, այն է, թե արդյոք նոր նախաձեռնությամբ փորձ չի՞ արվի Հայաստանում՝ երկրորդ գիտական աստիճանն իսպառ վերացնելու:
Բանն այն է, որ նույնիսկ Ռուսաստանում բավական թեժ քննարկումներ են գնում այն մասին, թե արդյոք արժե՞ պահպանել այն ավանդական համակարգը, որ խորհրդային տարիներից մինչև հիմա գործում է: Չէ՞ որ աշխարհի մի շարք երկրներում «գիտությունների թեկնածու» կոչում, առհասարակ, չկա, ու Արևմուտքում շատերը չեն էլ կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում այդ տերմինն առհասարակ:
Անկասկած, այս իմաստով պետք է նկատել, որ ցանկացած արմատական փոփոխություն, եթե այդպիսին լինի էլ, պետք է նախ հիմնավորվի տեղային խնդիրների համատեքստում: Դիցուք՝ Հայաստանի պարագայում, ինչ խոսք, չափից դուրս հապշտապ կլինի գիտական երկրորդ աստիճանի վերացման մասին որոշման կայացումը, եթե, իհարկե, նման որոշում, առհասարակ, ընդունվի: Ինչպես նշում են մի շարք մասնագետներ, այդ մոտեցումը հսկայական վնաս կարող է հասցնել Հայաստանի ողջ գիտական համակարգին:
Եվ իրոք, եթե մի պահ երևակայենք, որ գիտական երկրորդ աստիճանը վերացվում է, ապա ստացվելու է, որ ներկայիս գիտությունների բոլոր թեկնածուներն, անկախ այն բանից, թե նրանք ինչպիսի գիտական պոտենցիալի կրողներ են կամ համապատասխանո՞ւմ են իրենց գիտական կոչումներին, ինքնաբերաբար դառնալու են դոկտորներ: Այս իրավիճակը մեծապես վնասելու է Հայաստանի ֆունդամենտալ գիտությանը, քանի որ գիտական երկրորդ աստիճանի բուն նպատակն է խրախուսել, ֆունդամենտալ հետազոտությունների իրականացմանը, գիտական ուսումնասիրությունների, որոնք խորքային բովանդակություն ունեն իրենց մեջ: Հետևաբար՝ եթե վերացվում է գիտական երկրորդ աստիճանի համակարգն, ապա այլևս կարիք չի լինում՝ ֆունդամենտալ ուսումնասիրություններ կատարելու, ու անձը կարող է դոկտոր համարվել՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածություն իր ուսերին առնելու: Ինչպես ցույց է տալիս մի շարք երկրների փորձն, այդ խնդիրը վերջիվերջո հանգեցնում է ֆունդամենտալ գիտության թուլացմանը:
Իսկ այս ամենը նշանակում է մեկ բան՝ Հայաստանում երկորդ գիտական աստիճանի վերացումը որևիցե տեսանկյունից արդարացված չի կարող համարվել, քանի որ առանց այն էլ հոգեվարքի մեջ գտնվող գիտությանը հասցնել հավելյալ հարված, կնշանակի ընդմիշտ թաղել Հայաստանի՝ զարգացած ու 21-րդ դարին համապատասխան գիտություն ունենալու բոլոր հույսերը:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ