Ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորը նվիրված է 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված՝ Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։ Գրքում ներկայացված է Ապրիլյան պատերազմում զոհված 73 հերոսի կենսագրությունն ու նրանց սխրանքի պատմությունը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաջ մարտիկ Սաշա Գալստյանի մայրը՝ Սոֆի Գալստյանը պատմեց, որ որդին ծառայել է Ջաբրայիլում, եղել է սանհրահանգիչ: Իր մարտական ծառայությունը փառահեղ է անցկացրել, մեծ սիրով ու պատրաստակամությամբ: Դիրքի ավագ լինելով, միևնույն ժամանակ ստանձնել է գիշերային կապի ծառայությունը: Ծառայությունն անցկացրել է հրամանատարական դիտակետում և այդտեղից պահել թիկունքը:

 

«Ժամը 01.00-ին զանգահարեց տուն, խոսեց ընտանիքի բոլոր անդամների հետ: Չգիտեմ՝ ինչ էր զգում, բայց զգում էր՝ ամեն ինչ թաքցնելով իր ժպիտի ու բարձր տրամադրության տակ: Ժամը 04.30-ի սահմաններում կապ է ստանում, որ արդեն հարձակվել են իրենց վրա: Ամեն ինչ դնելով մի կողմ, Սաշան մարտը վերցնում է իր ձեռքը, կազմակերպում ամեն ինչ և մինչև լուսաբաց կռիվ է տալիս: Լույսը բացվելուն պես, երբ դիպուկահարը խփում է Սաշային, էլ չեն կարողանում պահել դիրքը և հրաման են ստանում, որ Սաշային վերցնեն ու իջնեն ցած: Այդտեղ Սաշան լինում է առաջին զոհը, որից հետո, րոպեների ընթացքում, շրջապատում են ու ոչնչացնում մեր բոլոր տղաներին»,- հուզմունքը թաքցնել փորձելով՝ ասաց անմահ հերոսի մայրը:

 

«Ընկերների հավաստմամբ՝ Սաշան մինչև վերջ կարողացել է կազմակերպել և պահել դիրքը, մինչև իր վերջին կաթիլ արյունը»:

 

Սոնա Հարությունյան

Նարեկ Ավանեսյան