Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում առաջարկել են ճանապարհային երթեւեկության կանոնները (ՃԵԿ) խախտողներին վերադաստիարակել հայրենասիրական երաժշտությամբ եւ հոլիվուդյան ֆիլմերից ընտրված երգերով: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել է Mashable հրատարակությունը:

 

Տեղի օրենքների համաձայն, առանձին այնպիսի խախտումներից հետո, ինչպիսիք են հարբած վիճակում մեքենա վարելը եւ բեռնատար ավտոմեքենաներով ուղեւորներ տեղափոխելը, անհրաժեշտ է անցնել վերապատրաստման մեկօրյա դասընթացներ: Այժմ առաջարկել են նրանց ուսուցումն ուղեկցել հայրենասիրական եւ կրոնական երգերով, ինչպես նաեւ դրական հուզական լիցք հաղորդող երաժշտությամբ:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը բացատրել է, որ այս կերպ առաջարկության հեղինակները հույս ունեն հասնել դասավանդվող նյութի ավելի լավ յուրացման: «Դա արվում է, որպեսզի ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողներն զգան, որ սովորում են, եւ միեւնույն ժամանակ որոշակի բավարարվածություն ստանան»,-նրա խոսքը մեջբերում է ndtv.com. կայքը:

 

Այժմ առաջարկությունը քննարկում են քաղաքային իշխանությունները: Սպասվում է, որ շուտով կհայտարարվի այն աուդիոհամակարգի հայտամրցույթ, որն անհրաժեշտ է այդ նպատակն իրագործելու համար: