Այսօր կառավարության հերթական նիստի ավարտից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, նշեց. «Մեր այցի ժամանակ բավականաչափ հանդիպումներ եղան և՛ ՌԴ կառավարության, և՛ առանձին  գործարարների հետ և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ»:

 

Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ նախատեսվում է տնտեսական համագործակցության ակտիվացման համար բացվող հիմնադրամի համար առաջին ներդրումներն արվեն այնպիսի ոլորտներում, որոնք կնպաստեն, օրինակ, արտահանման աճին և ներմուծմանը:

 

Խոսելով Հայաստանում օտարերկրյա ներդրումների և, մասնավորապես, մամուլում շրջանառվող 300 միլիոն դոլարի մասին, նախարարը նշեց, որ ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված՝ համագործակցում են ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև այլ երկրներից ներդրումներ բերելու ուղղությամբ՝ շեշտելով, որ 300 միլիոնի ներդրումային ծրագիրն իրատեսական է: 

 

Նախարար Սուրեն Կարայանն, անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանն այս տարի չմասնակցեց Դավոսում կայացած տնտեսական խոշորագույն համաժողովին, որին, ի դեպ, մասնակցել է Ադրբեջանը, նշեց. «Աշխատանքային ծանրաբեռնվածություններով պայմանավորված՝ հնարավոր չեղավ մասնակցել այդ համաժողովին: Այդ համաժողովին չմասնակցելը դեռ չի նշանակում, որ մեր հնարավորությունները և կարողությունները չենք  ներկայացնելու այլ ներդրողներին. մենք հետևում ենք գործընթացին»:

 

Աղավնի Սուքիասյան