Վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Հանդիպման ընթացքում նախատեսվում էր քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը: ՀՀ և ՌԴ վարչապետերը պետք է անդրադառնային նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրի ինտեգրացիոն համագործակցությանը:
«Մենք և Ռուսաստանը տարբեր շահեր ունենք: Երկուսս էլ պետք է ձգտենք մեր արտահանման ներուժը մեծացնել, բայց մեկս մյուսի հաշվին ենք անում, որովհետև հակառակ դեպքում մեկը տուժող կողմ կլինի: Մենք այսօր չենք կարող մրցակցել ռուսական ապրանքների հետ, որովհետև դրանք ավելի նպաստավոր միջավայրում են արտադրվում, ավելի արժեզրկված արժույթ ունեն, իրենց մոտ այդ արժեզրկման արդյունքով ծախսերն ավելի քիչ են ու Հայաստանի Հանրապետությունն այդ առումով հայտնվել է անբարենպաստ վիճակում,-թեմայի շուրջ՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը»:
Ըստ տնտեսագետի՝ հետագա զարգացման առումով Հայաստանի իշխանությունները կամ կառավարությունը իր քայլերը պետք է անի. «Մեկ միասնական մաքսային գոտում գտնվելով՝ մենք դեռևս միասնական տնտեսական դաշտում չենք: Մեր տնտեսական քայլերը իրար հետ համահունչ չեն, քանի որ յուրաքանչյուրն իր երկրի շահն է հետապնդում և արդյունքում գտնվում ենք հակասության մեջ»:
Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ այսօրվա տնտեսական-քաղաքականության պայմաններում, որոնք իրականացվում են երկու երկրներում, հետագայում հնարավորություն չեն տա համագործակցությունն ավելի ընդլայնելու. «Տնտեսական համագործակցության դեպքում պետք է երկու երկրներն էլ շահ ունենան, տվյալ դեպքում մեր շահերը հակասության մեջ են, որը շատ բնական է»:
«Այն երկրներում, որտեղ ուզում են ներդրումներ անել, այդ երկրներում պետք է համապատասխան պայմաններ լինեն»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Հարցադրմանը՝ Հայաստանի հարկային դաշտը նպատավոր չէ՞ ներդրումներ անելու համար, տնտեսագետը նշեց, որ բացի հարկայինից՝ կարևոր են նաև քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը, խաղաղությունը, այս ամենը կարևոր են դառնում, որովհետև ներդրումները ռիսկային գոտիներ չեն գնում. դրանք խաղաղ միջավայր են սիրում: Հայաստանը այս առումով խաղաղ միջավայր չէ: Տնտեսական շարժառիթներից ելնելով էլ, հարկային օրենսդրությունն էլ գրավիչ չէ, որ մարդիկ նույնիսկ այդ ռիսկերի գնով գան Հայաստան և ներդրումներ անեն:
«Թեև բոլոր բնագավառներում էլ ներդրումների հնարավորություններ և կարիք կա, սակայն Հայաստանը նպաստավոր չէ ներդրողներ բերելու համար: Ես տեսնում եմ, որ մեր երկրում փոփոխություններ չկան», - խոսքը եզրափակեց տնտեսագետը:
Սոնա Հարությունյան