ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ինչպես հայտնում են ԿԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԵՄ կրթական համագործակցության ծրագրերը:

 

ԻՆԵՄ դեսպանը մտահոգություն է հայտնել ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարված մի գրառման վերաբերյալ, որի օգտատերը գրանցված է որպես ուսուցիչ: ԿԳ նախարարը նշել է, որ հայ աղջկա և սևամորթ տղամարդու ընտանեկան լուսանկարի առնչությամբ աղմուկ բարձրացրած գրառումը մտահոգել է նաև իրեն: Այդ կապակացությամբ նախարարն օրեր առաջ նամակով դիմել է Երևանի քաղաքապետին և առաջարկել ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ' տվյալ ուսուցչի մանկավարժական գործունեությունն ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կրթական քաղաքականությունը հիմնված է մարդասիրության, հանդուրժողականության, ներառականության և համամարդկային արժեքների վրա:

 

«Ինձ այդ պատմությունը խորը մտահոգություն է պատճառել ոչ միայն այն պատճառով, որ գրառման հեղինակը ուսուցիչ է: Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, որտեղ սահմանադրորեն դատապարտվում են ռասսիզմը, այլատյացությունը, խտրականությունը: Հայ ժողովրդին բնորոշ է հանդուրժողականությունը, ինչով էլ պայմանավարված է հայկական սփյուռքի բնականոն ընթացքը աշխարհի բազմաթիվ երկրներում: Մենք պարտավոր ենք հարգել ուրիշներին, որպեսզի կարողանանք նույն հարգանքը ակնկալել նաև նրանցից»,- նշել է նախարարը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք ընթացիկ աշխատանքային հարցերի: